«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում կառուցվել են ցիանոբակտերիալ շտամներ
13:41 23/01/2024
Հայաստան

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում կառուցվել են ցիանոբակտերիալ շտամներ

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլևոլինաթթուն (ԱԼԹ):

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են՝ ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԼԹ-ն ընդունակ է կուտակվելու քաղցկեղածին բջիջներում, վերածվելով ֆոտոսենսիբիլազատորի-պրոտոպորֆիրին IX-ի, որն առաջացնում է ակտիվ (սինգլետ) թթվածին տեսանելի լույսով միանվագ ճառագայթման ժամանակ, այն կիրառում են տարբեր լոկալիզացիայի չարորակ ուռուցքների ֆոտոախտորոշման, ֆոտոդինամիկ թերապիայի, ինչպես նաև ոչ քաղցկեղային բնութի մաշկային հիվանդությունների բուժման համար: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԱԼԹ-ինդուկցված ֆլյուորեսցենցիայի օգտագործման հնարավորությունը չարորակ ուռուցքի տեղային տարածման, ներվիրահատական ախտորոշման, էֆեկտիվ սպեցիֆիկ բուժման և հետագա վերահսկման համար:

ԱԼԹ-ի օգտագործման հեռանկարային կիրառությունը հանգեցրել է աշխարհի շատ երկրներում դրա արտադրության նկատմամբ նկատելի հետաքրքրության:

Ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիաների բնական շտամներն ի վիճակի են ԱԼԹ արտազատել սննդամիջավայրում կոմերցիոն առումով շահութաբեր քանակությամբ: Այդ փաստը հաստատվել է նաև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված հետազոտություններում:

Կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում 2015-2021 թթ-ին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահեռանկարային Rhodobacter sphaeroides, Rba. capsulatus շտամները, կախված աճի պայմաններից, ունակ են սինթեզելու մինչև 0,6 գ/լ ԱԼԹ։

«Մենք առաջին անգամ հաջողությամբ իրականացրել ենք ԱԼԹ սինթազան կոդավորող hemA գենի փոխանցում, որը կլոնավորվել է էվոլյուցիոն տեսանկյունից ավելի ցածր օրգանիզմից (ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիա) էվոլյուցիոն առումով բարձր` ցիանոբակտերիայի մեջ:

Rhodobacter spheroides շտամի hemA գենը մեկուսացվել, բազմապատկվել և կլոնավորվել է երկու ինտեգրատիվ պլազմիդների (վեկտորների) մեջ, որոնք նախագծվել և ստեղծվել են հատուկ հետերոլոգ սպիտակուցների էքսպրեսիայի համար՝ հաջորդականությամբ տարբերվող պրոմոտորում ապահովելով հետերոլոգ գենի տրանսկրիպցիան:

Ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են մի քանի կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ Synechocystis-ի կլոններ, որոնք ունակ են լաբորատոր ֆերմենտացիայի պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ ԱԼԹ»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փոխտնօրեն, Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը։

Placeholder