Հայաստանում տեղի կունենա «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն՝ միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն: Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Primavera Foundation of Armenia հիմնադրամը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն կանցկացվի 2024թ.-ի հուլիսի 2-6-ը, դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, որոնք կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին կմասնակցեն գալա-համերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Ակադեմիայի փորձերն ու գալա համերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դասընթացների և գալա համերգի նվագախումբը կազմված է լինելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից:
Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն կտա պրակտիկ համատեղ աշխատանք ունենալ ավելի փորձառու և ավելի հարուստ ճանապարհ անցած մասնագետի հետ, աշխատել իրական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի, կատարելագործման և հնարավորությունների ընձեռման միջոց է»:
Ակադեմիայի ակտիվ մասնակիցների հայտերն ընդունվում են ողջ աշխարհից մինչև 2024թ.-ի հունիսի 3-ը: Մասնակիցները պետք է ծնված լինեն 1989թ. - 2006թ.-ը ներառյալ: Հայտերը կարելի է լրացնել և ծանոթանալ մանրամասներին Primavera Foundation of Armenia-ի կայքում:
«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն և խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար:
Վասիլի Պետրենկոն հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, այժմ հանդիսանում է վերջինիս Դափնեկիր դիրիժորը: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:
Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կա մոտ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատում:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան