«Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումը՝ զուգորդված բռնությամբ և այլ ոչ իրավաչափ գործողություններով: Այս մասին նշված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ։
«Ոստիկանության կողմից, առանց նախապես պատշաճ ձևով զգուշացնելու, խաղաղ հավաքի անզեն մասնակիցների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել խաղաղ հավաքի տասնյակ մասնակիցներ, լրագրողներ ու օպերատորներ:
Կազմակերպությունն անթույլատրելի է համարում խաղաղ հավաքի կամ բողոքի ակցիաների ընթացքում ծեծի, բնության այլ դրսևորումների, հատուկ կամ անձի առողջությանը վնասող ցանկացած միջոցի կիրառությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հավաքների իրականացման վայերերում, ներկա են լինում նաև երեխաներ և հղի կանայք:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված մարդկանց հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև համաչափություն ապահովել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման համար միջոցներ ընտրելիս:
Մինչդեռ հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար («Զարյա 3» լուսաձայնային նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է, որի ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն): Նույնիսկ կիրառումից հետո էլ Ոստիկանությունն անհրաժեշտ չհամարեց հրապարակային հիմնավորում ներկայացնել հանրությանը, թե ինչու է ընտրել և գնացել այդ ծայրահեղ քայլին, որի անհրաժեշտությունն ըստ խաղաղ հավաքի մասնակիցների՝ չկար։
Ոստիկանությունը պարտավոր էր հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում էին հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, ինչպես նաև իր շարքերից հեռացներ քաղաքացիական համազգեստով «ոստիկանների», որոնք սադրիչ վարքագիծ էին դրսևորում և լարում իրավիճակը։
Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության կողմից զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքն ու պարտականությունները կատարող մամուլի ներկայացուցիչների թիրախավորումն ու հատուկ միջոցների կիրառման ժամանակ վերջիններիս տարբերակված մոտեցում ցուցաբերելու վարքագիծը:
Իրականում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներն ընթանում էին խաղաղ, իսկ «Հավաքների մասին» ՀՀ օրենքով՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։
Այսպիսով, ՀՀ իշխանությունը պետք է հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքները խախտող ցանկացած դեպքի նկատմամբ և անհապաղ բացահայտի ու քրեաիրավական գնահատականի արժանացնի ոստիկանության ծառայողների կողմից, անկախ նրանց կոչումից և զբաղեցրած պաշտոնից, հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ նման անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք։
Ոստիկանությունը պարտավոր է անհապաղ մամուլի ասուլիս հրավիրել և հանրությանը զեկուցել հունիսի 12-ին իր գործողությունների համաչափության իրավական և մասնագիտական հիմնավորումների ու անհամաչափ ուժի կիրառման խիստ անհրաժեշտության մասին»,- նշված է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները. Իրազեկ քաղաքացիների միավորում