Վասիլի Պետրենկո. Դիրիժորը հանդիսատեսի ներկայությունն ավելի շատ զգում է ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ մեկնարկել է միջազգային մեծ ճանաչում ունեցող դիրիժոր «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն, որը կամփոփվի հուլիսի 6-ին գալա համերգով։
Լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր Վասիլի Պետրենկոն նախ ասաց, որ ուրախ է երկու տարի անց կրկին վերադառնալ Երևան, ապա ընդգծեց ակադեմիայի կարևորությունը, որը հնարավորություն է երիտասարդ դիրիժորների համար։
«Շատ կարևոր է, որ երիտասարդ դիրիժորները հնարավորություն են ունենում աշխատել նվագախմբի հետ, քանի որ ոչ մի բան չի կարող փոխարինել այդ փորձին»,- նշեց Պետրենկոն։
Ըստ նրա, դիրիժորն ազգություն չունի, դիրիժորը մեծություն և որակ է։
«Ուրախ եմ, որ տարբեր երկրներում կան մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել այս բարդ մասնագիտությամբ ու կատարելագործվել։ Դիրիժորը կատարելագործվում է ողջ կյանքի ընթացքում»,- ասաց Վասիլի Պետրենկոն։
Հարցին՝ թե ի՞նչ է զգում, մտածում դիրիժորը մեջքով կանգնած լինելով հանդիսատեսին, նա պատասխանեց. «Դահլիճը զգում ես մշտապես, ավելի շատ ոչ թե ծափահարությունների պահին, այլ լռության, թե ինչքան ուշադիր են լսում։ Դա մշտապես զգում ես։
Ինչի՞ մասին եմ մտածում։ Ես մտածում եմ այն երաժշտության մասին, որը պետք է ներկայացվի, ինչպես կատարել հիմա, այս պահին հիանալի կոմպոզիտորի աշխատանքը հնարավորինս լավ, ինչպես օգնել նվագախմբին հասցնելու հանդիսատեսին հնարավոր բոլոր դետալներն ու նուանսները։
Նվագախումբ, դիրիժոր, հանդիսատես՝ կարծեք համերգի ժամանակ մի միասնություն լինեն, բայց կա չորրորդը, որն ամենակարևորն է՝ կոմոպիզտոր»։
Նշենք, որ Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհդրի նախագահ Վասիլի Պետրենկո։
Էդուարդ Թոփչյանը լրագրողներին ասաց, որ հանրահայտ, համաշխարհային ճանաչում ունեցող Վասիլի Պետրենկոն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում՝ աշխատելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Կարևոր է, որ այդ կարգի դիրիժորները գան ու աշխատեն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»։
«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն անցկացվում է հուլիսի 2-6-ը։ Դասընթացները երիտասարդ դիրիժորների համար են, որոնք ունենում են անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և մասնակցում են սեմինարի՝ «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս»: Թե՛ նվագախմբային փորձերը, թե սեմինարը վարում է Վասիլի Պետրենկոն:
Ակադեմիային մասնակցության հայտեր են ներկացրել 15 երկրներից, ընտրվել են 6 երիտասարդ դիրիժորներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ, Չինաստան, Մեքսիկա, ՌԴ, Իրան-Հայաստան և Նորվգիա-Ուկրաինա։ Նրանք աշխատում են հատուկ ծրագրի վրա՝ ներկայացնելով Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Վեբերի, Մենդելսոնի, Պրոկոֆևի և Ստրավինսկու ստեղծագործությունները։
Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ միասին կմասնակցեն գալա-համերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Դասընթացների և գալա համերգի նվագախումբը կազմված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից:
Պետրենկոն չխոսեց գալա համերգի ծրագրի մասին՝ նշելով, որ կլինեն անակնկալներ ու շատերը նաև կզարմանան։
Վասիլի Պետրենկոն հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) և Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, այժմ հանդիսանում է վերջինիս Դափնեկիր դիրիժորը:
Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան