Փաշինյանը մտադիր է վերադարձնել Հայաստանը
- Երբեմն ասում են...։
- Եփրեմը ղալաթ է անում, որ ասում է։
Հին անեկդոտի նմանությամբ է, թե այսօրվա ծաղրի, բայց այո՝ Փաշինյան Նիկոլը հեծանիվ քշելուց, զուգարան նստողների օպտիմալ քանակը քննարկելուց, «կառլիկովի» ընկուզենիներ տնկելու խորհուրդներից զատ ասուլիս է անում։
Խորհուրդ ասացի, հիմա էլ ուրիշ անեկդոտ հիշեցի. Թե բա՝ այ մարդ, ձեռք քաշի, էդ ձին կարբյուրատորներից բան չի հասկանում։
Ու ընդհանրապես՝ եթե ջանք գործադրեք ինքներդ ձեզ, եթե չնյարդայնանաք Փաշինյանի ձայնից, եթե սկզբի խոսքի, միջինի ու վերջինի միջև տրամաբանական կապեր չփնտրեք, եթե չմտածեք, որ ասածները, ու այս ամենն ընդհանրապես, լուրջ են, անընդհատ զուգահեռաբար անեկդոտներ կհիշեք։
Կամ էլ կկարծեք, թե անեկդոտ եք լսում։
Օգոստոսի վերջին օրվա ասուլիսից ասենք՝ «խաղաղության գործընթացը», որով «տևական ժամանակ» Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում «երկկողմ ձևաչափով»՝ «որոշակի արդյունավետություն է ցույց տվել»։
Երիցս... «միակողմանի» բառը բաց է թողել։
Ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էլ վկա է բերում, թե բա՝ նա էլ է այս մասին ասել հեռախոսային խոսակցության ընթացքում։
Պուտինն ու պուտինենք մինչ այդ «տևական ժամանակ» ասում էին՝ եթե դուք համաձայն եք, որ Արցախը ճանաչվի ադրբեջանի կազմում, մենք ի՞նչ անենք։ Դե եթե փաշինյանյան իշխանությունը իրենք ողջ ծակ հոգու խորքով ճանաչեցին ադրբեջանը, Պուտինն ինչ էր ասելո՞ւ։ Ճանաչեցիք, տվեցիք, դե նա էլ ասում է՝ եթե դա էր ուզածներդ, արդյունավետ է։
Նիկոլից հա՞յ էր լինելու։ Իհարկե ոչ։
«Բայց չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։ Եռակողմ բանակցությունները պետք է գնահատվի տվյալ իրադրության մեջ իր արդյունավետությամբ»,- իր ասն իր լսին հայտարարել էր Փաշինյանը։
Երբ եռակողմի վավերացրած նոյ9-ի թղթով պատերազմը վերջապես կանգնեցվեց, պարզվեց անարդյունավետ ձևաչափով էր։ Արդյունավետության հասնելու համար Փաշինյանը Ալիևի հետ բանավոր պայմանավորվեցին, թե՝ ինչ-որ շատ է մնում Արցախից, թեպետ Շուշին տվեցիր... բա որ մնացածը հանկարծ ու մնա Պուտինին, նա էլ չուզենա մնացածը տալ, ոնց կլինի՞։ Նիկոլը կզրկվի եվրոպաներից, ալիևը՝ տարիներով երազած «կարաբաղից»։ Ու նիկոլ-ալիևը էլ ավելի արդյունավետ դարձրեցին իրավիճակը՝ զինվորներին առանց անգամ հանելու, Փաշինյանը շտապ-շտապ մնացածն էլ տվեց այնքան ու այնպես, որ Արցախի մնացած փոքր մասը մնա տոտալ շրջափակման մեջ։ Որ Հայաստան էլ չկարողանան գնալ-գալ։
Ահա այսպիսի խաղաղ-արդյունավետ-գործընթաց։
Հիմա Փաշինյանը ձգտում է գերարդյունավետության՝ Ադրբեջանի նախագահին առաջարկել է, դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում։
Երբ Բագրատ Սրբազանը առաջարկել էր Փաշինյանին հանդիպել ու քննարկել իրավիճակը, սա մինչ ոստիկաններից հրաման տալը, որ լուսաձայնային նռնակներ նետեն մանկասայլակներով երեխաների հետ ցույցի եկած կանանց, անզեն տղամարդկանց, ծերերի վրա, ամբիոնի մոտ ցինիկաբար հետ-առաջ շարժումներով թե՝ ասում է հանդիպենք, հա հանդիպենք, հանդիպենք հա հանդիպենք...
Դե պատկերացրեք ալիևը ոնց կներկայացնի Փաշինյանի «դիվանագիտական խողովակները», հանդիպման ու շփման առաջարկները։ Ամենաքիչը կմտածի՝ ա դե, լավ էլ տալիս ես, էլ հանդիպում եմ, բարձր տեղս ցածրացնեմ, որ ի՞նչ։
Հա, ու Փաշինյանը ինքը չէր լինի, եթե ձեռքի հետ մի բան Պուտինի «ջեբը» չգցեր։
Այս անգամ՝ հայ գերիներին։
Իբր ինքը չէր ասում՝ մեր գերիները մեզ կներեն, եթե մի քանի ամիս էլ մնան ադրբեջանական բանտերում, իբր ինքը մաղվեց գերիների մասին խոսելով ու պահանջելով, իբր ադրբեջանցի քրեական հանցագործներին, երեխասպաններին ու գերիներին առոք-փառոք չհանձնեց ալիևին... հիմա էլ, թե՝ «Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են»։
Իհարկե, արժե նաև ցցնել Փաշինյանի այս խոսքը, որ ալիևի հետ բազմաթիվ բանավոր պայմանավորվածություններից ու հանձնուքներից ու հանձնումներից հետո գնահատման կարիք ունի։ Թեպետ՝ վախենամ գնահատող չգտնվի։
«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի»։
Այսինքն՝ ուզում է ասել, որ նոյ9-ի պայմանները պահպանել է կուսությամբ, անխա՞խտ։
Ինչ խոսքերով կարելի է նման բանը գնահատել, ասացեք։
Պարզապես պիտի Փաշինյանի մասին մի բան էլ իմանալ՝ երբ նա ասում է ժողովուրդ, նկատի ունի իրեն, երբ ասում է՝ բոլոր կետերը նկատի ունի առևտուրի առարկա հերթական միակ կետը։ Արդեն՝ այսպես ասած «կոմունիկացիաների հարցը»։
Ու հոպ՝ «Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են հենց վաղը բացել ավտոմոբիլային ճանապարհները»։
Ահա այսպես, պարոնայք ատենակալներ։
Ուզում է բացել ճանապարհներ, ասում է՝ ԱՍՈՒՄ ԵՆ Հայաստանը դեմ է ճանապարհների բացմենը, իսկ մենք դեմ չենք։ Ուզում է Սահմանադրությունը փոխել, փակել, ասում է՝ ԱՍՈՒՄ ԵՆ պետք է փոխել սահմանադրությունը, իսկ մենք մինչև իրենց ասածն էինք ուզում փոխել, ոչ թե իրենց ասածով։ Իբր կա տարբերություն, էլի։ Փաշինյանի «մենք»-ի ու ալիևի «իրենք»-ի միջև։
Ինչ է սպասվում ՀՀ Սահմանադրությանը՝ դժվար է ասել։ Բայց Փաշինյանն ասում է՝ ադրբեջանի սահմանադրոթյունն էլ մի բան չէ, բայց մենք բան չենք ասում.
«Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այսօրվա Ադրբեջանի Սահմանադրության մեջ ևս 46 հազար քկմ-ի նկատմամբ տարածքային հավակնություն կա:… Արձանագրվում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Վերջ, արձանագրվում է սա, մնացածը պատմություն է, իսկ պատմութունը չես կարող ջնջել»։
Ը։ Եթե պատմությունը չես կարող ջնջել, ինչու ջնջեց պատմական Հայաստանը, Հայոց պատմությունը, պատմության դասագրքերը։
Հիմա կար, իսկ հիմա չկար։ Ահա այսպիսի հայոց արդի լեզու։
Փաշինյանի ասուլիսի շեշտերից ևս մեկը.
«Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները»։
Դե սա պարզ էր փաշինյանյան իշխանոթյան դեպքում։
Բայց գլուխգործոցը շարունակությունն է. «Կարծում ենք, որ կա հնարավորություն տարածքները հետ բերելու խաղաղ ճանապարհով»։
Խնդրում եմ սա ընդունեք ամենաթարմ, ամենասուր, ամենասյուռ քաղաքական անեկդոտ որպես։
Թեպետ, չէ՝ խոսքը Արցախի մասին չէ; Ու քանի որ խոսքը Հայաստանի մասին է, ընդունեք սա որպես ամենատխուր ու ամենախեղճ անեկդոտ որպես։
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ