Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես ստեղված «Իմ սիրտը Ձերն է» ներկայացումը։
«Հինգշաբթին ինձ համար տարիներ շարունակ եղել է ընկերներիս հետ հանդիպման օր․․․
․․․ԻՄ ՍԻՐՏԸ ՁԵՐՆ Է․․․
Մտա արվեստանոց, որ Լալային ինստիտուտ տանեմ: Հ1-ով «Ճանապարհ դեպի կրկես»-ն էին ցույց տալիս, պարանով էտյուդն էր էկրանին:
- Աշ ջան, անջատիր գնանք, դասից ուշանում եմ։
- Լալա, արի, մի հատ նայիր, էս Ենգիբարյանը մեկին-մեկ դու ես, արի մի բան նկարենք:
- Դրա ժամանակը չէ, գնացինք։
Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, բայց երևում էր՝ էս միտքը երկուսիս էլ հանգիստ չէր տալիս։ Երեկոյան, դասից հետո երբ նստեց մեքենան, ես միանգամից սկսեցի.
- Արի Ենգիբարյանի մանրապատումները նկարենք, դու ռադիոյով կարդացել ես։
- Հոգնած, վրես հալ չկա, 5 ժամ հաչացել եմ, գնանք խելքի գամ՝ հետո, սովից կաղկանձում եմ։
Մտանք տուն՝ ամեն ինչ փոխվեց։
- Արդեն ուզում ես քնե՞լ:
- Ակնարկդ հասկացա:
- Ճիշտ չհասկացար, էսօր ի՞նչ էիր ասում, ի՞նչ նկարենք:
- Ենգիբարյանի մանրապատումները:
- Կարելի ա, գիտե՞ս, բայց ո՞նց:
- Որ ուզենանք՝ ոնցը կհայտնվի․․․
- Վաղը դասից հետո գնալու եմ մեր դասարանի Սուսոյի մոտ, աղջիկներով հանդիպում ենք, Մանեին դասից որ վերցնես, արի ինձ էլ վերցրու՝ տուն գանք։
Երբ Սուսանենց Այգեձորի տունը քողարկող գույնզգույն, կիսաժանգոտ, թիթեղե ավտոտնակների նեղ արանքից աղմուկով ու կչկչոցով, շարք կանգնած երևաց ջոկատը՝ Լալան, Սուսանը ու Նինան, ես հասկացա՝ Ենգիբարյան վիրուսը տարածվել էր։ Լալայի ոգևորությունը չթողեց, որ բան հարցնեմ։
- Սուսանը կգրի բառերը, Նինան՝ երաժշտությունը, մնում է մնացածը՝ գործիքավորումը, ձայնագրումը ու նկարահանումը։ Ընկերները որ խառնվում են գործին, անհնարինը դառնում է հնարավոր։
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար։ Մյուս օրը արվեստանոց եկավ մեր ԸՆԿԵՐ Ստեփանը Շահինյանը։ Հենց իմացավ կլիպի մասին, Լալայի հետ անցան պլաստիկայի, շարժման փորձերին, իսկ մեր մյուս ԸՆԿԵՐ Հրանտը Վարդանյան սկսեց այդ պլաստիկան վերածել կադրերի ու վերջին շտկումներն անել։
Սուսաննան ու Նինան բերեցին բառերն ու երաժշտությունը, ոգևորությունը սահման չուներ, հարկավոր էր գումար ճարել գործիքավորման համար։ Մեր ԸՆԿԵՐԸ՝ Լալայի համադասարանցի Դավիթ Սարգսյանը, ամբողջ օլիգարխ շրջապատը իրար խառնեց։ Մի քանի օր հետո այդ հարցը լուծվեց Դավթի քավորությամբ: Գործիքավորումն էլ չուշացավ։ Երկու օրվա գիշեր-ցերեկ վոկալի փորձերից հետո Լալան ձայնագրեց երգը։ Մոտենում էր Ենգիբարյանի ծննդյան օրը, հարկավոր էր հասցնել։ Նկարահանումն ու հեռարձակումը հանձն առավ Հայկական 2-րդ հեռուստալիքը մեր լավ ԸՆԿԵՐՈՋ՝ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Մնում էր ես պայմանավորվեի մեր ավագ ԸՆԿԵՐՈՋ՝ կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանի հետ: Նա այնքան արագ ամեն ինչ կազմակերպեց, որ երբ մեր ԸՆԿԵՐՈՋ՝ կլիպի ռեժիսոր Վարդան Պետրոսյանի հետ գնացինք նկարահանման վայրերը նայելու, կրկեսի Ենգիբարյանի անվան ստուդիայի սաները արդեն փորձեր էին անում։ Այ թե ինչ է նշանակում, երբ ընկեր համախոհները միանում են մի նպատակի համար։
Նկարահանման օրը ընտանիքով գնացինք կրկես։ Լալան Մանեի հետ ավտոյում ինձ ստիպեցին, որ հետ գնամ, փոխեմ հագուստս, կարմիր հագնեմ: Ինչքան էլ դեմ էի, բայց ուզում էր, որ ես ու Մանեն էլ նկարվենք։ Երբ տան դուռը փակում էի նկատեցի, որ կեղծամը մոռացել է, վերցրեցի, դրեցի ծոցս և շտապեցի նստել մեքենան։ Կրկեսում ամեն ինչ իր տեղում էր, տեսախցիկները, լուսավորությունը, մնում էր՝ Լալան փոխեր հագուստը, և սկսեինք։ Գրիմանոցում Լալան հանկարծ նկատեց, որ կեղծամը չի վերցրել:
- Աշ ջան, պիտի փրկես, թռիր բեր, կեղծամը մնաց միջանցքի հեռախոսի մոտ։
- Թքիր գետնին, մինչև չորանա՝ գալիս եմ։
Ես դուրս եկա ու արագ, հևիհև ներս եկա, ծոցիցս հանեցի կեղծամը, մեկնեցի Լալային. «Մեր ԸՆԿԵՐԸ՝ ես, փրկեցի նկարահանումը»։
Սկզբում ուզեց բարկանալ, հետո երկուսով ծիծաղեցինք։ Ես ու Մանեն գնացինք՝ Լալային թողելով, որ կենտրոնանա։ Նստեցինք հանդիսատեսի մեր տեղը, մեր կողքին պիտի նստեր Լալայի փոքր տարիքը մարմնավորող հերոսուհին։ Նկարահանումը հրաշալի անցավ։ Լալան ընդհարապես նկարվում էր մեկ դուբլով, ծայրահեղ դեպքում՝ երկու, տեխնիկայի համար։ Երկու օր հետո, երբ կլիպը մոտնաժված էր, մենք նոր հասկացանք որ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ամենաանհնարինը դառնում է հնարավոր։
Մարտի 15-ին՝ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, Հայկական 2-րդ հեռուստալիքը մեզ հետ միասին նշեց պրեմիերայով։
Ձեր ԸՆԿԵՐ Աշոտ Համբարձումյան 15․ 03․ 2024թ․»։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ