Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
«Կանխատեսում անելը բարդ, սխալ երևույթ է հատկապես այնպիսի լարված պարագայում, երբ թեկնածուների տարբերությունը այնքան էլ մեծ չէ»,- ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունների ազդեցությունը թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա կարծում է, որ ընտրողները ձայների մեծամասնությունը տալու են Քամալա Հարիսին, սակայն ինչպես կընտրեն ընտրիչները, դա արդեն այլ պատմություն է. «Հաշվի առնելով ԱՄՆ ընտրությունների մեխանիզմների առանձնահատկությունը, կարող ես ավելի շատ ձայն հավաքել, քան քո հակառակորդը, բայց հակառակորդը քեզ հաղթի»։
Անդրադառնալով Քամալա Հարիսի հայտարարությանը, մասնավորապես արցախցիների վերադարձի մասին՝ կապելով հայերի արժանապատվության վերականգնման հետ, պատասխանելով հարցին՝ նախընտրական խոստո՞ւմ է այնտեղ ապրող հայերին, թե՞ քաղաքական մաս կարող է դառնալ, Սուրեն Սարգսյանն ասաց. «Նախընտրական փուլում ցանկացած հայտարարություն պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ։ Սա նույնպես պետք է որպես այդպիսին դիտարկել»։
Օրինակի համար նշեց, որ տարբեր նախագահներ թեկնածու եղած ժամանակ հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, սակայն իրականում չեն ճանաչել, միայն Բայդենն էր, ով խոստացել էր ու արեց։
«Բայց արեց ոչ թե միայն խոստացել էր, այլ համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակն էր դա թելադրում, այդ թվում Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու ցանկությունը, կարևորությունը հենց պատմաքաղաքական այդ փուլում։ Պետք է դիտարկել և նախընտրական խոստում, բայց եթե խոստումը չի կատարում, հայկական համայնքը, հայկական կազմակերպությունները կարող են ճնշման մեխանիզմներ կիրառել արդեն հետագայում՝ նրա հաղթանակի պարագայում»,- ասաց քաղաքագետը։
Իսկ թե ո՞ւմ հաղթանակը ի՞նչ կտա Հայաստանին հարցին ի պատասխան Ս.Սարգսյանն ասաց. «Մենք տեսել ենք Թրամփի արտաքին քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ։ Դա այդքան էլ ակտիվ չի եղել, Հայաստանն առաջնահերթություն չի եղել ԱՄՆ համար։ Թրամփի հաղթանակի պարագայում, կարծում եմ, առավել կոշտ դիրքորոշում է լինելու Իրանի նկատմամբ, ավելի մեծ ակտիվություն Իսրայելին աջակցելու ուղղությամբ։ Միաժամանակ Թրամփը մեղմացնելու է իր հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչից կարող ենք օգտվել մենք, եթե սանկցիաները դուրս գան և այլն։
Քամալա Հարիսի ընտրվելու պարագայում արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները նման է լինելու Բայդենի վարչակազմին, նույնական են լինելու շատ հարցերի շուրջ։ Այդքան ակտիվ չի լինի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Բայդենն անձնական ներդրում ուներ Հայաստանի նկատմամբ ակտիվ քաղաքականության հարցում, այն առումով, որ շատ լավ ճանաչում էր տարածաշրջանը, հայ-թուրքական հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եղել էր սենատոր, մեր լոբբիստիների հետ ակտիվ աշխատել էր։ Տեղյակ մարդ էր։ Իր թիմն էլ տեղյակ էր, այդ թվում պետքարտուղար Բլինքենը։
Ցանկացած պարագայում ցանկացած թեկնածու հաղթանակի դեպքում լուրջ աշխատանք կա անելու, բայց այն ակտիվությունը, որ այսօր ունենք, չեմ կարող պնդել, որ կլինի Հարիսի ու նրա նոր թիմի պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հրաժարվում է բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնել Հարիսի հետ
- Հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը հինգ կետով առաջ է Հարիսից
- Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ