Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգաշարը: Այն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք կամերային մենահամերգով: Կամերային համերգները կշարունակվեն հոկտեմբերի 4-ին Մատենադարանում և հոկտեմբերի 6-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգաշարը կեզրափակվի մեծ մենահամերգով՝ հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սողոմոնյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հռչակավոր իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը հասարակական, մշակութային գործիչ, համերգաշարի նախաձեռնող, աջակից Վահան Վարդապետյանն ասաց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի շնորհիվ է իր առջև բացվել Արսեն Սողոմանյանի աշխարհը․ «Արսենի մասին շատ էի լսել, գիտեի Արսենի անունը որպես կայացած հրաշալի արտիստ, բայց առաջին անգամ Էդուարդ Թոփչյանի հրավերով, երբ իրականացրեց օպերային ներկայացումների համերգային կատարումները մեր ֆիլհարմոնիկ նավագախմբի հետ, հենց առաջին իսկ կատարումներից գերվեցի Արսենի արվեստով, իսկ հետո արդեն տարբեր երկրներում հետևեցի Արսենի ներկայացումներին։ Հռոմում, Բեռլինում, Աթենքում ես տեսա օտար հանդիսատեսի ջերմ, արտակարգ հուզիչ վերաբերմունքը Արսենի հանդեպ»։
Նա նշեց, որ երբ Երևանում զբոսնում էր Արսենի հետ, շատերը մոտենում և իրենց ցանկությունն էին արտահայտում՝ ունկնդրել նրա կատարումները։
Համերգաշարը վերնագրել է հենց Արսեն Սողոմանյանը՝ «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»։
«Ծրագիրը նպատակ ունի բարձր, դասական արվեստի հետ մերձեցնել մեր երիտասարդությանը, ուսանողությանը, գիտակրթական հանրությանը»,- ասաց Վ.Վարդապետյանը։
Համերգաշարի ընթացքում հնչելու է հայկական, ռուսական, արևմտաաեվրոպական ռոմանսներ, նեոպոլիտանյան երգեր դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Համերգաշարի եզրափակիչ համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալեմանդին:
«Անտոնելլո Ալեմանդին մեծ պատիվ է համարում Արսենի հետ ելույթ ունենալ և ղեկավարել նվագախումբը»,- նշեց Վ.Վարդապետյանը։
Ասուլիսին ներկա Արսեն Սողոմոնյանն ասաց, որ համերգաշարի ծրագրիրը բաղկացած է տարբեր ազգությունների երաժշտություններից, և ընտրված խորագիրը՝ «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ», հենց դրա մասին է, որ արվեստը չունի սահմաններ։
«Սրանք խոսքեր են, որոնք շատ ենք լսում, բայց գործում ցույց տալ դա, մի կողմից շատ ավելի բարդ է, մյուս կողմից շատ պատասխանատու, որ մարդիկ հասկանան, որ տարբեր լեզուները, տարբեր ազգերի հոգեբանական մեկնաբանումները մարդկային ու համամարդկային զգացմունքների վերաբերյալ գրեթե նույնն են, որովհետև մենք բոլորս նույն հոգեբանության տեր մարդիկ ենք՝ անկախ լեզվից, երկրի տարատեսակ իրավիճակներից, սահմաններից։
Մենք փորձում ենք փոխանցել, որ դասական արվեստն իր լեզվով, որով չի խառնվում այլևայլ ինչ-որ երևույթների, այլ բեմից միավորում է մարդկությանը, համամարդային արժեքները պահպանելու նպատակ է հետապնդում»,- ասաց Արսեն Սողոմոնյանը։
Նա նշեց, որ հաճելի կլինի մարդիկ փորձեն իրենց երեխաներին ավելի մոտեցնել դասական արվեստին, իրական դասական արվեստին. «Իրական, քանի որ վերջերս ականատես ենք լինում դասական երաժիշտների, կատարողների տարբեր մեկնաբանությունների, որոնք գեղեցիկ ձայներով և գործիքներով փորձում են հասանելի դարձնել դասականը ժողովրդին։ Ես կարծում եմ, որ պետք է օգնել ժողովրդին առանց կորցնելու դասական արվեստի բարձր և լուրջ մեկնաբանումները, բերել դեպի դահլիճ։ Այս չորս համերգները պետք է ցույց տան, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ ընդունել դասական արվեստը, ինչքանով է, իրոք, մեր ժողովուրդն ուզում կրթել երեխաներին, ինչքանով է հավատում, որ արվեստի կարևորությունը մեր երկրում պետք է լինի շատ բարձր»։
Պրոֆեսոր, «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգաշարի նախաձեռնող, աջակից Արմեն Դարբինյանն ասաց, որ աշխարհի բեմերը նվաճած, միջազգային ամենաբարձր որակ ունեցող Արսեն Սողոմոնյանն անպայման արժանի է Հայաստանում մեծարման։
«Մեր լավագույն ներկայացուցիչների մեծարման գործում մենք թերանում ենք։ Նրանք աշխարհ են նվաճում՝ հիմքում ունենալով հայ արվեստը, մշակույթը, պատմությունը»,- նշեց նա։
Վ. Վարդապետյանի խոսքով, Սողոմոնյանի տեմբերն իր բացառիկությամբ նաև պայմանավորված է հայկական ոգիով, հայկական երանգների առկայությամբ. «Հավատացեք, երբ հնչում է Արսեն Սողոմոնյանի ձայնը միջազգային բեմահարթակներում, համարում եմ, որ հնչում է Հայաստան պետության արժանապատիվ ձայնը»։
Նա նշեց, որ Արսեն Սողոմոնյանը 67 անգամ հանդես է եկել ամենաբարդ դերի՝ Օթելոյի դերակատրմամբ. «Ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Վաշինգտոն Փոստը», Քենեդու կենտրոնում Արսենի՝ Օթելոյի դերից հետո բացառիկ նյութ է հրապարակվել, որ Արսենի մոտ մյուս Օթելոները նսեմանում են։ Այսինքն, Արսենին համարում են Օթելոյի լավագույն դերակատարներից մեկը»։
Հեղինակավոր միջազգային երաժշտաքննադատները նշում են, որ Արսեն Սողոմոնյանի կատարումները հիշեցնում են իտալական օպերային դպրոցի լեգենդար վարպետներին, նրա ելույթներն ամենուր պսակվում են մեծ հաջողությամբ, նա հանդիսատեսին գերում է իր ձայնի թավշյա տեմբրով, դերի խորը, զգացմունքային մեկնաբանությամբ, դրամատիկ տաղանդով և խարիզմատիկ բեմական կեցվածքով:
Սողոմոնյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանը, որպես բարիտոն (2000-2006թթ.): Դրամատիկ տենորի նրա սրընթաց կարիերան սկսվել է 2017թ.-ից, երբ նա մեծ հաջողությամբ կատարեց Կավարադոսիի դերերգը Պուչչինիի «Տոսկա» օպերայում՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչենկոյի օպերային թատրոնում:
Սողոմոնյանը ՀՀ Նախագահի պետական մրցանակակիր է (2006թ.): Նա նաև Պավել Լիսիցյանի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է, որտեղ արժանացել է Լիսիցյանների ընտանիքի հատուկ մրցանակին և պատիվ ունեցել վարպետության դաս վերցնել հենց լեգենդար Պավել Լիսիցյանից: 2009թ.-ին կատարելագործվել է Իտալիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ