Հայաստանի իշխանությունն անուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանի նոր պահանջների կատարումն ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում. Աբրահամյան
«Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:
«Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է և Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում, սակայն այս խնդիրը ոչ միայն ավելի վաղ էր ակտուալ, այլ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները:
Ճիշտ այսպես է լինում բոլոր այն երկրների պարագայում, որի ղեկավարները առևտրի են հանում սեփական ժողովրդի ապագան` հանուն իշխանության երկարացման և անձնական, նեղ շահերի հետապնդման»,- գրել է Աբրահամյանը։