Վարուժան Հոկտանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
Որքանով գիտեմ՝ Սրբուհի Գալյանն այդ կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք իրեն (Արայիկ Հարությունյանին- հեղ․ ), ապա հոգով կուսակցության հետ է, բայց՝ ոչ ֆորմալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
«Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը երեկ որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը, որը երեկ ներկա է եղել կուսակցության վարչության նիստին, հանդես եկել զեկույցով ու պատասխանել քաղաքական ուժի անդամների հարցերին։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ կանգ են առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ նաև քաղաքական, ըստ էության, քաղաքական թիմի մաս է։
Լրագրողների դիտարկումներից հետո, իհարկե, Հարությունյանը փորձեց խմբագրել խոսքերը՝ նշելով․ «Ասացի, որ քաղաքական պաշտոն է զբաղեցրել։ Եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում, դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում քաղաքական թիմի մաս է։ Եղել է փոխնախարար, որը քաղաքական պաշտոն է»։
Նույն տրամաբանության ներքո քաղաքական թիմի մաս կարող է լինել նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը և՛ նախարարությունում է աշխատել, և՛ վարչապետի օգնական եղել։
Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով կա խնդիր, եթե բովանդակային իմաստով կամ էության գաղափարական տեսանկյունից մոտենանք։
«Իրավապահ մարմինները պետք է քաղաքականապես չեզոք լինեն։ Չեմ լսել Արայիկ Հարությունյանի խոսքերը, բայց եթե նման բան է ասել, ապա երևի դա եղել է նեղ իմաստով, այսինքն՝ քաղաքական թիմի մաս ասելով՝ նկատի է ունեցել, որ «ՔՊ» կուսակցության անդամ չէ։ Որքանով գիտեմ՝ նա այդ կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք իրեն, ապա հոգով կուսակցության հետ է, բայց՝ ոչ ֆորմալ։ Բնական է, մենք դեռ կայացած ժողովրդավարություն չենք և այդ ամենը, ինչ-որ օրենքով գրված է՝ քաղաքական զսպվածություն, չեզոքություն, այդ ամենը թղթի վրա գրված, դրսի փորձագետների կողմից առաջարկված և որոշում կայացնողների կողմից չհասկացված իրավիճակ է»,- ասաց Հոկտանյանը։
Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ՝ նաև Աննա Վարդապետյանը, Արգիշտի Քյարամյանը եւս քաղաքական թիմի մաս են, Հոկտանյանն արձագանքեց՝ դա վերաբերում է բոլորին, չենք կարող ակնկալել այն քաղաքական չեզոքությունը, զսպվածությունը, որը հասկացվում է այն երկրներում, որոնց փորձագետները փորձում են օգնել մեզ, որ այստեղ կյանքի կոչվի, կայանա, բայց առ այժմ՝ չի կայանում։
Հարցին՝ արդյո՞ք նախադրյալներ տեսնում է, գոնե փորձ արվում է կայացնելու՝ Հոկտանյանը պատասխանեց՝ նշելով, որ դժվարանում է ասել, որ տեսնում է, դեռ այդ փուլին չենք հասել, որ հնարավոր լինի․ «Գուցե կա, բայց տեսանելի չէ։ Համենայն դեպս՝ ինձ համար տեսանելի չէ։ Բայց եթե նայում ենք նեղ իմաստով, գոնե այնքանով կարելի է այս էտապում բավարարվել, որ գոնե չենք տեսնում կուսակցության անդամների։ Գոնե այդքան բան չկա։ Հետագայում ինչպես կլինի՝ չգիտեմ»։
Դիտարկմանը, որ Կարեն Անդրեասյանն էլ ԱՆ նախարար էր, ՔՊ կուսակցությունից դուրս գալուց օրեր անց ընտրվել է ԲԴԽ անդամ, հետո՝ նշանակվեց նախագահ, Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով․ «Դե կարևորը քաղաքական թիմից է, ի՞նչ եք ուզում։ Եթե օրենքը պահանջում է, որ չպետք է լինել կուսակցության անդամ, քաղաքական թիմի անդամը չի լինի կուսակցության անդամ, եթե օրենքը պահանջ չի դնում, ապա նա կլինի կուսակցության անդամ։ Հիմա տիկին Գալյանն էլ, երբ նախարար դառնա, չի բացառվում, որ կդառնա նաև կուսակցության անդամ, քանի որ քաղաքական թիմից է»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան