2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Աշխատավարձերի, թոշակների և նպաստների չբարձրացնելու պայմաններում հաջորդ տարի մի շարք ծառայությունների և ապրանքների թանկացումներ են նախատեսվում, ինչպես նաև՝ հարկային բեռի ավելացում սովորական քաղաքացու ուսերին։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Աշխատավարձերը և թոշակները չբարձրացնելուց բացի՝ կառավարությունը նաև բացահայտ հայտարարեց, որ հաջորդ տարի բժշկական ապահովագրությունը չի ներդնելու, առողջապահական պետպատվերի ծախսերը չեն ավելանալու և որևէ մեկին սոցիալական աջակցություն չի լինելու։ Այս իշխանությունը բացի այն, որ վատն է ամեն տեղ, նաև վատ տնտեսվար է։
▪2024 թվականին կառավարությունը բյուջեի եկամտային մասում 250 մլրդ դրամից ավել չի հավաքագրել , 2025 թվականի բյուջեով դրա վրա ևս 197 մլրդ դրամով ավելացում են նախատեսել, այսիքնը 450-500 մլրդ դրամով 2025 թվականին հավելյալ հարկային բեռ են սահմանելու ՀՀ քաղաքացիների վրա՝ չունենալով տնտեսական ներուժ։
▪Սա ենթադրում է, որ ոչ միայն չի ավելանալու կենսաթոշակները, սոցիալական նպաստները, աշխատավարձերը, այլ հակառակը՝ ՀՀ քաղաքացին ավելի է աղքատանալու։ Եկամտի նույն մակարդակի պահպանման պարագայում երբ ծախսերն աճում են՝ այն հանգեցնում է աղքատացման։
▪ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելով, բոլոր քաղաքացիների բանկային տվյալներին հասանելիություն ունենալով և բոլոր քաղաքացիների մոտ պետական մարմիններին հարկային ստուգումների, ուսունասիրությունների հնարավորություն ընձեռմամբ հնարավոր չէ մտածել, որ ՀՀ քաղաքացու սոցիալական կարգավիճակի բարելավում կարող է տեղի ունենալ։
▪Պաշտպանության ծախսերը մոտավորապես 650 մլրդ դրամի չափ է կազմում, որից 116 մլրդն է ընդամենն ուղղված պաշտպանության կարիքների կապիտալ ակտիվների ձեռքբերմանը, այն կարող է ամենատարբեր բաները լինել՝ սկսած զինտեխնիկայի ձեռքբերումից վերջացրած թուղթ ու գրիչին, կամ տրանսպորտային միջոցի մեկ դետալին, որը մեկ տարվա օգտագործման համար է։
▪4 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն էլ ցանկանում որևէ զինտեխնիկա ձեռք բերել և խաղաղության կեղծ օրակարգով, «խաղաղության խաչմերուկ» քարոզելով,այստեղ-այնտեղ անբովանդակ հայտարարություններ են անում, բայց մենք տեսնում ենք, որ 4 տարվա մեջ մենք որևէ բան ձեռք չենք բերել։ Մենք ձեռք ենք բերել ֆրանսիական «Բաստիոն»-ները և այն ժամանակ հայտարարում էինք, որ այն բանակի համար չէ, այլ ոստիկանական գվարդիայի և 4 տարի հետո բացահայտվեց, որ դա ճիշտ էր։
▪Կառավարությունը հաշմադամության տարբեր կարգեր ունեցող անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների հաշմանդամության կարգերն ապօրինաբար փոխում են, որպեսզի սոցիալական ապահովության նպաստ չտրամադրեն, որպեսզի շահառուներն քանակապես քիչ լինեն և այն բյուջեի համար լինի տանելի բեռ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը. միֆ և իրականություն
- Տնտեսության վերականգնման տպավորություն է ստեղծվում, բայց սա խաբկանք ու հեգնանք է. Աղասի Թավադյան
- Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ բյուջեից ոլորտին ուղղվող հսկայական գումարներին. Սուրեն Պարսյան