Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել ԵԱՏՄ նիստը Երևանի փոխարեն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու խնդրանքով, թեև ԵԱՏՄ-ում նախագահողը Հայաստանն է։
Ըստ Ա. Խաչատրյանի, իհարկե, առաջինը Հայաստանն է, քանի որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պահանջված է։
«Օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բավականաչափ մեծ ճնշման տակ հայտնվեց։ Հիմա Հայաստանի իշխանությունները, հավանաբար, չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև չի բացառում, որ նախաձեռնությունը հյուսիսից է եկել. «Դե դուք դա ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք»։
Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ նախագահող միակ երկիրն ենք, որ երկու անգամ արդեն նիստը Երևանում չի կայանում.«Նշանակում է, որ դու վստահելի չես։ Իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից, մասնավորապես ՌԴ-ից, երբեք այսքան մեծ չի եղել։ Դա էլ այս իշխանությունների վարած ապիկար, անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքն է»։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն կվարի Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»։
Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
- Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
- Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
- ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները