Արման ջան, կներես, որ համեմատեցի
«Ընտելանում եմ կյանքին…»,-ասել էր Արման Ավետիսյանը panorama.am-ի լրագրողին տարիներ առաջ: Արմանը Ապրիլյանում կորցրել էր ոտքը։ Սովորեց քայլել հենակով։ Միայնակ մոր միակ որդի։ Քայլում էր հենակով ու պրոթեզով, իսկ հետո իր մասին հոգ տանող բժիշկներին ուրախացնելու համար հոսպիտալ հեծանվով էր գնացել։
Լուսանկարում Ապրիլյանի երկու ընկեր ժպտում են։ Դավիթը երկու ոտքն է կորցրել։
«Ո՞նց ասեմ: Հանրությունը կարող ա ուրախանա քո ժպիտից, բայց ժպիտով դու քո ցավերն ես ծածկում քո հարազատներից»,-ասում է Արմանը:
Պատերազմի սարսափն անցած, տղամարդավարի կռված, ոտքերը կորցրած տղաները տղամարդավարի ժպտում են ձեզ։ Որ չզգաք ցավը։ Քանի որ կռվել են, որ մենք առանց ցավի ապրենք։ Այնպիսի կռվի միջով են անցել, որից հետո կյանքին... ընտելանալ է պետք նորից։
Մենք դադարել ենք պատերազմի հերոսների մասին խոսել, իսկ տղամարդկությանը լրիվ փոխարինել է տղայականը։
Ամեն անգամ, երբ Նիկոլի հեծանիվ քշելը ակամա աչքովս է ընկնում, ես հիշում եմ այս տղաներին, հիշում եմ Արմանի հեծանիվ քշելը։ Ժպտալով քշելը։
Նիկոլ, դու ուզում էիր ջնջել այս ամենը, որ հերոս դառնաս հեծանիվի քո քաշած «ցավով»։ Քո թելադրած եղկելի ու մեղկ կյանքին ոչ մի մարդ չի ընտելանալու։ Ինքդ ապրիր քո մանր աշխարհում, տնքալով քշի հեծանիվդ քո առավելագույն հերոսական ցավով, առանց հասու լինելու Մարդուն։
Անահիտ Ոսկանյան