
Որոշակիորեն նվազում են նաև ՌԴ-ից դեպի Հայաստան ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները. ԿԲ
«2024 թ-ի 4-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակել է թուլանալ՝ մոտենալով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղերը»,- այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից:
«Հարկ է նշել, որ տնտեսական ակտիվության թուլացումը մեծապես պայմանավորված է արտաքին առևտրային հոսքերի կրճատմամբ: Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված՝ համախառն առաջարկի և համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Տնտեսական ակտիվության աշխուժացում է նկատվում մշակող արդյունաբերության որոշ «ավանդական», օրինակ, սննդի և ծխախոտի արդյունաբերության ճյուղերում։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի հեռանկարների վերաբերյալ ռիսկերը, պայմանավորված կարողությունների աճի թույլ տեմպերով, պահպանվում են:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է 2024թ-ի ընթացքում զբոսաշրջային հոսքերի կրճատմամբ: Որոշակիորեն նվազում են նաև ՌԴ-ից դեպի Հայաստան ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները: Սա կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում ՀՀ և ՌԴ միջև աշխատավարձերի ճեղքի փոքրացման, ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարների շուրջ բարձր անորոշության և միգրացիոն քաղաքականության խստացման պայմաններում դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի կրճատմամբ:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության և ծառայությունների բարձր աճը վկայում է բարձր ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին:
Պահպանվում են անորոշությունները նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել:
Հարկաբյուջետային քաղաքականության՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության շուրջ անորոշությունը մեծացել է: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման և, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով: Առարկայական են նաև ծախսերը, հատկապես կապիտալ, թերակատարելու, ինչպես նաև դրանց կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ պահանջարկի վրա ավելի զսպող ազդեցություն ունենալու ռիսկերը»,- նշում են ԿԲ-ից։
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


