Կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրածը, թուրքի դեմ կզածը, չի կարող հայանպաստ բանակցություններ վարել. Վանեցյան
Քաղաքական
23:33 24/03/2025
Հայաստան

Կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրածը, թուրքի դեմ կզածը, չի կարող հայանպաստ բանակցություններ վարել. Վանեցյան

«Համաձայնագիրը մի փաստաթուղթ է, որը Հայաստանի կողմից ենթադրաբար կստորագրի Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևը, բայց այդ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի»,- 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ եթե ստորագրվեր պայմանագիր, ապա այն պարտադիր պետք է մտներ երկու երկրների սահմանադրական դատարաններ, ճանաչվեր սահմանադրությանը համապատասխանող, որից հետո այդ պայմանագրերը պետք է գնան երկու երկրների խորհրդարանները վավերացման և ստանա իրավական ուժ։

«Համաձայնագիրը մի թղթի կտոր է, որը ցանկացած պահի կարող են շպրտել, ասել՝ չենք կատարում»,-հայտարարեց Վանեցյանը՝ նշելով, որ եթե իշխանություններն ասում են, թե համաձայնագիրը նույն պայմանագիրն է, ապա թող ասեն, թե երկրները այն արդյո՞ք տանելու են ՍԴ-ներ և խորհրդարաններ։

«Ենթադրենք 2026 թվականն է, և Նիկոլ Փաշինյանը, որը ձախողել է բոլոր ուղղություններով՝ ֆուտբոլից մինչև արտաքին քաղաքականություն՝ պաշտպանություն, անվտանգություն, սոցիալական, բոլոր հարցերով ձախողել է և այս պայմաններում ակնկալում է վերարտադրվել և ստանալ քաղաքացիների քվեն, ապա ի՞նչ պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին»,- հարց տվեց Վանեցյանը և նկատեց, որ Փաշինյանը այլևս չի կարող  խաղարկել խաղաղության թեզը, քանի որ այն արդեն օգտագործել էր 2021 թվականի ընտրություններին, երբ հայտարարում էր, թե ինքը խաղաղություն է բերում, իսկ Արթուր Վանեցյանը և Ռոբերտ Քոչարյանը՝ պատերազմ և այդ կեղծ խոստման արդյունքում ստացան 680 հազար քվե։

Նկատելով, որ 2021 թվականից հետո չունենք խաղաղություն, կա օկուպացված ՀՀ տարածքներ, Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, ռազմագերիներ՝ Արթուր Վանեցյանն ասաց. «2026 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրողներին պետք է ասի. «Ես էս 5 տարին ապահովեցի ձեր անվտանգությունը։ 5 տարի ես բերել եմ խաղաղություն և հիմա հասել ենք վերջին կետին, որպեսզի ես այդ փաստաթուղթը ստորագրեմ ու մենք բերենք հավերժ խաղաղություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինձ քվե տվեք, որ ես գնամ այն ստորագրեմ»։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հիմա համաձայնագիրը կստորագրի, որպեսի 2026 թվականի ընտրություններին ասի, թե պետք է ունենա նոր մանդատ՝ արդեն պայմանագիրը ստորագրելու համար։

«Ես մարդը մի ձեռքում համաձայնագիրը պահած, մյուսում՝ պայմանագիրը, ասելու է՝ ինձ ընտրեք, որ պայմանագիրը ստորագրեմ»,-կանխատեսեց «Հայրենիք» կուսակցության նախագահը և հավանական համարեց, որ Ալիևն էլ կստորագրի համաձայնագիրը։

«2020 թվին խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրածը, թուրքի դեմ կզածը, Ալիևի և ադրբեջանական տարբեր շրջանակների կողմից բազմիցս ուղիղ նվաստացումներ ստացած Փաշինյանը, չի կարող հայանպաստ բանակցություններ վարել»,-հայտարարեց Վանեցյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder