Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, սա բացարձակ անթույլատրելի է. Սերժ Սարգսյանի պաշտպան
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկմանը։
Դատավորն ասաց, որ հանրային մեղադրողը մինչև օրս գույքային հայց չի ներկայացրել, հարցերց՝ արդյոք ունեն։ Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը դրական պատասխանեց ու սկսեց ներկայացնել գույքային հայցը՝ նշելով, որ գույքային հայցն ուղղված է հակակառուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, 4 մլրդ դրամի չափով գույքային հայցը ներկայացվում է մեղադրյալ Սերժ Սարգսյանին, Վալերի Գրիգորյանին, Ալեքսան Ալեքսանյանի դեմ։
Հանրային մեղադրողի ներկայացմամբ, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Ս. Սարգսյանը «2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 25.01.2005 թվականին, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 147-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Հիշյալ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 28.02.2005 թվականին:
Այնուհետև, 31.03.2005 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 392-Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147-Ա որոշումը, լիազորելով ՀՀ պաշտպանության նախարարին տնօրինել Նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրակցված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ ՀՀ կառավարության 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11.04.2005 թվականին:
Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում՝ Նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով արարքների կատարման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է վերը նշված անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը»։
Ս. Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց, որ հանրային մեղադրողը մեծամասամբ կրկնում է քրեական հետապնդում հարուցելու որոշման նկարագրությունը, ուստի բոլորի ժամանակը խնայելու համար կարող է ներկայացնել գույքային հայց ներկայացնելու հիմնավորումները։
«Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանի կողմից գույքային հայցը ներկայացնելիս, մեր շեշտադրումներով, ձևակերպումներ էին կատարվում հետևյալի մասին՝ հանցակիցներ, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմա, հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների քողարկում, հանցակիցների կողմից ձեռք բերված նախապես պայմանավորվածություն և այլն։
Այս պահի դրությամբ անմեղության կանխավարկածը ուժի մեջ է, անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Բայց իմ հարգելի գործընկերն անընդհատ ասում էր՝ հանցակիցներ, հանցավոր սխեմա և այլ...
Ինչ է ասում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այս հարցի վերաբերյալ՝ անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարության գործընթացը, նաև ձևավորել անձի մեղավորության մասին որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում կամ նպաստել դրան։ Սա հենց այդ դեպքն է։
Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, սա բացարձակ անթույլատրելի է։
Ավելին ասեմ, այսքան հանցավոր բառի օգտագործումը իմ մոտ առաջացրել է այնպիսի տպավորություն, որ այս ձևակերպումներն օգտագործող անձը նպատակ ունի մտքում պարոն Սարգսյանի անձի շուրջ հանցավոր շրջապտույտ ստեղծել։
Դատական նիստից հետո փորձեմ համապատասխան մասնագետների հետ խոսել, սա տամ փորձաքննության՝ պարզեմ, ով այսքան հանցավոր բառն է օգտագործել, ինչ հոգեկան վիճակում է եղել»,- ասաց Մակինյանը։
Սերժ Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում։