Այս գործում քրեական դատավարությունը վերջին դերում է, այստեղ կերակրման գործընթաց է. Սերժ Սարգսյանի պաշտպան
Իրավունք
18:01 02/09/2025
Հայաստան

Այս գործում քրեական դատավարությունը վերջին դերում է, այստեղ կերակրման գործընթաց է. Սերժ Սարգսյանի պաշտպան

«Հիմարություն է, հիմարությանն ի՞նչ արձագանքեմ»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ դատական նիստին գույքային պահանջի հետ կապված թվեր էին հնչեցվում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մոտ 4 մլրդ դրամի չափով գույքային հայց ներկայացրեց։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողներին ասաց, որ դատախազության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, թե ինչ են անում։

«Չի կարելի ձևակերպումներ օգտագործել, առավել ևս չի կարելի օգտագործել, երբ խոսքը վերաբերվում է  բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ավելի նուրբ, զգույշ պետք է լինի պետությունը  նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ձևակերպումներ անելիս, ոչ թե նախադասությունը սկսի հանցավոր բառով,  մեջտեղում օգտագործի հանցավոր բառը, վերջում էլի օգտագործի հանցավոր բառը։

Եթե դուք քրեական դատավարության կարևորագույն սկզբունքից ձեր ձեռքերը լվացել եք, այլ հարց է, եթե ուզում եք հասարակությանն անընդհատ ցույց տալ հանցավոր սխեմաները, դա այլ հարց է, ձեր խնդիրը կատարեցիք ու խախտեցիք արդար դատաքննության սկզբունքի կարևորագույն տարրը՝ անմեղության կանխավարկածը»։

Նա ընդգծեց, որ այս գործում քրեական դատավարությունը վերջին դերում է, այստեղ կերակրման գործընթաց է. «Աննորմալ թիվ հնչեցրեց, թվի պատասխանը հաջորդ նիստերում ուզելու եմ, թե ինչպես ստացան այդ թիվը»։

Սերժ Սարգսյանին  մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder