«Երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում»․ լեգենդար Լանգ Լանգը Երևանում կայանալիք համերգի մասին
Մշակույթ
19:20 16/03/2026
Հայաստան

«Երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում»․ լեգենդար Լանգ Լանգը Երևանում կայանալիք համերգի մասին

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն ապրիլի 14-ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին:

Ահա թե ինչպես է դաշնակահարը մեկնաբանում իր սպասվող այցը․ «Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցելության ժամանակ»:

Բաց մի՛ թողեք տարվա մշակութային գլխավոր իրադարձությունն ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:

Համերգը կկայանա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Լանգ Լանգը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ այս տարի տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder