Ի՞նչ են պատմում Ադրբեջանից վերադարձածները
Քաղաքական
11:36 13/04/2026
Հայաստան

Ի՞նչ են պատմում Ադրբեջանից վերադարձածները

«Մեր հանդիպումներում՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի պետական պաշտոնյաները մեզ վստահեցնում են, տեղեկացնում են, համոզում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, ընդլայնման, խորացման փուլում է»,- Ադրբեջանից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան համակարգող Արեգ Քոչինյանը։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն ասաց, որ քննարկում են հիմնականում երեք հարց. «Մեզ մտահոգող հարցերը, խաղաղության  գործընթացի ճանապարհին խոչընդոտները, հնարավորությունները, որոնք չենք ուզում բաց թողել։ Հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է։ Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել այս հարցերի շուրջ, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք իրենցը։

Մենք խոսել ենք գերիների, պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերն իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը։ Շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ։ Բարձրացել ենք անհայտ կորածների խնդիրը, մտահոգություն ենք հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները  ցանկալի արագությամբ չեն գնում։

Իրենք էլ իրենց հերթին  բարձրացրել են իրենց հուզող հարցերը. ականների պայթյունի արդյունքում  վնասված, զոհված  անձանց հարցը, նշել են՝ 432 թիվը, նաև 3000-ից ավելի անհետ կորած ադրբեջանցիների հանգամանքը։ Իհարկե, խոսում ենք 1990-ականների  պատերազմի մասին»։

«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը նշեց. «Ուշագրավ էր այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավական հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ, Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են գտնվում,  տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել ներկայիս իրավիճակն ու փորձել այն ամրապնդել։

Կար կարծիք, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և  կարգավորկման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել  երկու երկրների համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող էին միջամտել, տարածաշրջանային պատերազմը  կարող էր ընդլայնել աշխարհագրությունը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի է ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հերթական երկկողմ կլոր սեղանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ են պատմում Ադրբեջանից վերադարձածները