ԱՆ-ում գիտե՞ն, որ դատավորը գիշերվա 1-ին, 2-ին, 3-ին էլ է դատական ակտեր կայացնում. Սրբուհի Գալյանը միջնորդել է պատասխանատվության ենթարկել Կարեն Ֆարխոյանին
Իրավունք
17:13 16/07/2026
Հայաստան

ԱՆ-ում գիտե՞ն, որ դատավորը գիշերվա 1-ին, 2-ին, 3-ին էլ է դատական ակտեր կայացնում. Սրբուհի Գալյանը միջնորդել է պատասխանատվության ենթարկել Կարեն Ֆարխոյանին

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանին։  Մինչ այդ հարուցվել է  վարույթ քաղաքացի Էդգար Ղազարյանի բողոքի հիման վրա։

Այսօր նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Աշոտ Հայրապետյանն ինքնաբացարկ հայտնեց՝ հիմնավորելով, որ երկար տարիներ Կարեն Ֆարխոյանի հետ ընկերական հարաբերությունների մեջ է։ ԲԴԽ-ն որոշեց բավարարարել ինքնաբացարկի միջնորդությունը։

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ՝ Գալսյանի խորհրդական Ներսես Զեյնալյանն ասաց, որ դատավորը սահմանված ժակետից 3 ամիս 26 օր ուշ է ուղարկել որոշումը, ինչը խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության ու լուծման վարքագծի կանոնի խախտում։

Դատավոր Ֆարխոյանը ներկայացրեց իր վարույթում 2025 թ. դեկտեմբերին ու 2026-ի քննվող գործերի գրաֆիկը, ասաց՝ ի հավաստումն այն բանի, որ յուրաքանչյուր օր քննում է 5-6 գործ, նիստերը սկսում են ժամը 9։30-ից ու շարունակվում են մինչև «աստված գիտի, երբ»։

«Տվյալ դեպքում ուշացման պատճառը եղել է  վերահսկողության բացակայությունը, ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելը»,-իր խոսքում նշեց Ներսես Զեյնալյանն ու խորհուրիդ խնդրեց բավարարել Սրբուհի Գալյանի միջնորդությունը։

Եզրափակիչ խոսքում դատավոր Ֆարխոյանը նկատեց, իր մոտ գործերը ոչ միայն շատ են, այլև բարդ, կան գործեր, որի շրջանակում 8-15 մեղադրյալ կա։ Նա ասաց, որ այս պահին իր ծանրաբեռնվածությունը նվազել է՝ 196-ից նախ դառնալով 161-ի սահմաններում, հիմա ավելի նվազել է։

«Ես իրականացնում եմ արդարադատություն, դրանից չեմ հրաժարվում, առողջական խնդիրները դնենք մի կողմ, իրոք ժամային առումով  դատավորի մոտ հնարավորություն չի լինում  ավելի շատ հսկողություն իրականացնել, որպեսզի ժամանակին դատական ակտերն ուղարկվեն կողմերին։ Ես համոզված եմ, որ այսօրվա դրությամբ բոլոր դատավորները, հատկապես քրեական, գերծանրաբեռնված են։ Գերծանրաբեռնված են և ըստ էության քննվող գործերով, և միչդատական վարույթներով, իրոք գերծանրաբեռնված են։ Ավելին ասեմ, չգիտեմ, նախարարության ներկայացուցիչները տեղեկություն ունե՞ն, որ դատավորը գիշերվա 1-ին, 2-ին, 3-ին էլ է դատական ակտեր կայացնում, քանի որ խափանման միջոցի հարցեր են քննարկվում ու դրանց արդյունքներով էլ դատարանը որոշումներ է կայացնում ու տրամադրում կողմերին, իսկ հաջորդ օրը ժամը 9։30 արդեն դատական նիստի է, որը չի կարող հետաձգվել»,-ասաց Ֆարխոյանը։

ԲԴԽ-ն կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Դատական ակտը կհրապարակվի հուլիսի 21-ին ժամը 14։00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder