Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքի շուրջ իրավական զարգացումները շարունակվում են։ Դերասանի երկու երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, դիմել են Կալիֆոռնիայի դատարան՝ իրենց օրինական ազգանուններից «Փիթ» մասը հեռացնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Դատական փաստաթղթերում նրանք նշել են, որ փոփոխությունը պայմանավորված է անձնական պատճառներով։

Անցյալ ամիս Զահարան դիմել էր իր անունը Զահարա Մարլի Ջոլի-Փիթից Զահարա Մարլի Ջոլի փոխելու համար, իսկ Մեդոքսը մայիսի վերջին դատարանից թույլտվություն էր խնդրել իր ազգանունից հեռացնել Փիթը։ Եթե որևէ մեկը չառարկի, դատարանը Մեդոքսի դիմումը կքննարկի սեպտեմբերի կեսերին, իսկ Զահարայի գործը՝ ամսվա վերջին։
Այս քայլերը տեղի են ունենում Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երկարամյա իրավական վեճերի ֆոնին։ Զույգը բաժանվել էր 2016 թվականին, իսկ ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվել է միայն 2024 թվականի վերջին։ Նրանք շարունակում են դատարանում վիճարկել նաև նախկինում համատեղ սեփականություն հանդիսացած Chаteau Miraval ֆրանսիական գինեգործարանի հարցը։

Զույգն ունի վեց երեխա՝ Մեդոքսը, Փաքսը, Զահարան, Շայլոն և երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։ Վերջին տարիներին նրանցից մի քանիսը ևս հրաժարվել են կամ դադարել են օգտագործել Փիթ ազգանունը։ Ջոլին 2019 թվականին պաշտոնապես հանեց այն իր ազգանունից, իսկ 2024 թվականին Շայլոն նույնպես դատարան դիմեց նույն նպատակով։ Ըստ հրապարակումների՝ Վիվիենը ևս հանրային նախագծերից մեկում ներկայացվել է որպես Վիվիեն Ջոլի։
Հիշեցնենք, որ ամուսնալուծությանը նախորդել էր 2016 թվականի սեպտեմբերին ընտանիքի մասնակցությամբ մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը։ Ավելի ուշ հրապարակված զեկույցում նշվում էր, որ Ջոլին մեղադրել էր Փիթին իր նկատմամբ ֆիզիկական, իսկ երեխաների նկատմամբ՝ հոգեբանական բռնության մեջ։ Դերասանի նկատմամբ հետաքննություն էր իրականացվել, սակայն նրան մեղադրանք չէր առաջադրվել։ 2022 թվականին Château Miraval-ի շուրջ դատական գործի շրջանակում Ջոլին նաև պնդել էր, որ այդ միջադեպի ընթացքում Փիթը փորձել է խեղդել երեխաներից մեկին և հարվածել մյուսի դեմքին։ Փիթի իրավաբանը պատասխանել էր, որ դերասանը պատրաստ է պատասխանատվություն կրել իր արած քայլերի համար, սակայն չի ընդունի այն մեղադրանքները, որոնք, իր խոսքով, իրականությանը չեն համապատասխանում։