Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին. HelpCourt հարթակի արձագանքը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գրությանը
Իրավունք
20:21 18/07/2026
Հայաստան

Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին. HelpCourt հարթակի արձագանքը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գրությանը

«Փաստաբանների դատավարական հակառակորդ հանդիսացող կառույցի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենսդրորեն արգելելու դատավորների վերաբերյալ փաստաբանների մասնագիտական կարծիքները հանրությանը գերթափանցիկ եղանակով ներկայացնող HelpCourt հարթակի գործունեությունը»,- նշված է HelpCourt հարթակի հայտարարության մեջ։

«Սա հերթական ապացույցն է, որ HelpCourt համակարգը շուրջ 10 տարի գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան։ Հակառակ դեպքում վաղուց ցածր վարկանիշ ունեցող որոշ դատավորների կողմից կգտնվեին դրա գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր, այլ ոչ թե փորձ կարվեր փոխել հենց օրենքը։

Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին ու չի գտնվում իր տեղում։

HelpCourt-ը կշարունակի իր օրինական գործունեությունը դեռ շատ երկար ու բացի դատավորներից, դեռ շատ պաշտոնյաներ կվարկանիշավորվեն անկախ փաստաբանական համայնքի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

«Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր»,- նշված է helpcourt.am կայքում։ 

 

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

sharethis sharing button

Աղբյուրը`Panorama.am
Placeholder