ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
Տնտեսություն
11:11 22/07/2026
Հայաստան

ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։ Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։

Հանձնաժողովից հայտնում են, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

«ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։

Քննարկումների ընթացքում կներկայացվեն «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի գնահատմանը, դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի քարտեզագրմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը, Հայաստանի օրենսդրության հնարավոր ներդաշնակեցմանը Էներգետիկ համայնքի իրավական համակարգին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման ոլորտի կարգավորումների մշակմանը։

Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները