Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել են B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։ B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, իսկ դրա ներգրավումը դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմական գործողությունների էական ընդլայնման և սրման ցուցիչ։
Ռմբակոծիչը արձակվել է Մեծ Բրիտանիայում տեղակայված ավիաբազայից։ Միաժամանակ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնական հաղորդագրությունում չի նշել B-1-ի մասնակցության մասին՝ տեղեկացնելով միայն, որ հարվածներ են հասցվել Իրանի ռազմական, ծովային, անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով սահմանափակել Թեհրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու հարցում։ Մինչ այժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ թիրախներն է խոցել B-1-ը և որքան արդյունավետ է եղել այն։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակում է աճել, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ քննարկում է Իրանի դեմ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը։ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները չեն բացառում, որ նման որոշում կարող է ընդունվել առաջիկա օրերին։ Չնայած ամերիկյան հարվածների ընդլայնմանը՝ Իրանը, ըստ գնահատականների, չի փոխել իր դիրքորոշումը Հորմուզի նեղուցի հարցում և շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ։
Միաժամանակ Կատարի միջնորդությամբ շարունակվում են ԱՄՆ-ի, Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցը վերաբացնելու և նոր հրադադարի շուրջ համաձայնության հասնելու նպատակով, սակայն աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը դեռ չի ընդունել վերջին առաջարկները։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ համաձայնության, սակայն, իր համոզմամբ, շուտով ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների։