Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 20.000 մարդ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ժիրոնդի շրջանում տարածվող խոշոր անտառային հրդեհների հետևանքով շուրջ 12 հազար մարդ արդեն տարհանվել է, իսկ իշխանությունները պատրաստվում են անվտանգ վայր տեղափոխել ևս 8,800 բնակչի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Տեղի նահանգապետ Սոֆի Բրոկասի խոսքով՝ Արկաշոնի ծոցի շրջակայքում հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 2,400 հեկտար տարածք։ Տարհանվածների մեծ մասը Լեժ-Կապ-Ֆերե թերակղզու ճամբարների այցելուներ են, իսկ վերջին տարհանումներն իրականացվում են նաև Կլաուեյ գյուղի ճամբարային հատվածներում՝ կանխարգելիչ նպատակով։ Իշխանությունների տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն մի շարք ճանապարհներ փակվել են, իսկ հրշեջները շարունակում են պայքարը ուժգնացող քամու և բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Հրդեհների ալիքը վերջին օրերին ընդգրկել է նաև Իտալիան և Իսպանիան։ Սիցիլիայում ավելի քան 350 հրդեհ է գրանցվել, որոնցից 10-ը՝ խոշոր, ինչի հետևանքով իրականացվել են նախազգուշական տարհանումներ։
Հրդեհաշիջման ընթացքում զոհվել է տեղի հրշեջներից մեկը, ևս մի հրշեջ հոսպիտալացվել է։ Իսպանիայում Տոլեդոյի մոտ բռնկված հրդեհների հետևանքով այրվել է շուրջ 890 հեկտար տարածք, թեև հրդեհի տարածումը հաջողվել է սահմանափակել։ Միաժամանակ Գվադալախարա շրջանում այս տարվա ամենախոշոր հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 35 հազար հեկտար տարածք։
Եվրոպայում շարունակվող շոգի ֆոնին «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայությունը հիշեցնում է, որ մայրցամաքը շարունակում է մնալ աշխարհում ամենաարագ տաքացող տարածաշրջանը, իսկ անտառային հրդեհներից այրված տարածքներն 2025 թվականին հասել են ռեկորդային մակարդակի։