Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Երեկ ԿԸՀ-ի կողմից դատախազության միջնորդությունը վերադարձնելուց հետո հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Արձագանքելով դրան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այս ամենն իրենց պայքարը չի կարող կանգնեցնել։
«Մենք պատրաստ ենք այդ բարդություններին, միշտ պատրաստ ենք եղել, հիմա էլ ենք պատրաստ և ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել, բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը»,-ընդգծել էր նա։
ՔՕ 236 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
2. Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 296. Փողերի լվացումը
1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: