Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
13:02 24/07/2026
Հայաստան

Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան

«Հայաստանում ստեղծվել է տոտալ վախի մթնոլորտ, և ընդդիմադիր լինելն արդեն ընկալվում է որպես քրեական հետապնդման պատճառ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։

Նրա խոսքով՝ իշխանությունները , ճնշում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց և փորձում են քաղաքական դաշտը չեզոքացնել։ Դանիելյանը պնդեց, որ իրավական համակարգը չի գործում, իսկ որոշումները կայացվում են ոչ թե իրավապահ մարմինների, այլ քաղաքական մակարդակում։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց , որ Ծառուկյանը տարիներ շարունակ մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ստեղծել աշխատատեղեր և իրականացրել բարեգործական ծրագրեր։ Դանիելյանի խոսքով՝ նրա նկատմամբ իրականացվող գործողությունները բացասաբար են ազդում նաև ներդրումային միջավայրի վրա։

«Եթե Հայաստանում ներդրողի գույքը կարող է վտանգի տակ լինել, ապա ո՞վ կգա ներդրում անելու։ Սա վնասում է տնտեսությանը, գյուղատնտեսությանը և հազարավոր մարդկանց աշխատանքին», - ասեց նա։

Պատգամավորը քննադատեց  նաև իշխանությունների վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ այն որակելով որպես արշավ հայկական ինքնության դեմ։

«Այս իրավիճակը պետք է անհանգստացնի բոլորին, որովհետև եթե այսօր մեկի դուռն են թակում, վաղը կարող է հասնել յուրաքանչյուրի դուռը», - նշեց Դանիելյանը։

Նա կոչ արեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը անհրաժեշտ է Հայաստանի ապագայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder