Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ չի կիրառվել որևէ այլընտրանքային խափանման միջոց՝ ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի նկատմամաբ ընտրված է կալանքը որպես խափանման միջոց։ Հուլիսի 21-ին՝ ԿԸՀ հերթական նիստի օրը, երբ հանձնաժողովը պետք է ընտրված պատգամավորներին տրամադրեր մանդատները, գլխավոր դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Դատախազությունից հայտնել են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։
Ըստ դատախազության, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:
Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։
Դավիթ Ղազինյանը հայտարարել է՝ որևէ մեկին կաշառք չի տվել, չի ընդունում մեղադրանքը։