Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի ունեցվածքը 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Հատկանշական է, որ Զարուհի Բաթոյանը ներկայացված կլինի նաև նոր խորհրդարանում։
2018 թվականից ի վեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարագրած դրամական միջոցները սկզբնական շուրջ 500 հազար դրամից և 335 եվրոյից աճել են՝ հասնելով ավելի քան 13,1 միլիոն դրամի։
Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք աղմկահարույց պատմություններ են հայտնվել մամուլի և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Դրանցից առաջինը վերաբերում էր 2018 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները չհայտարարագրելուն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ կիրառեց նախարարի նկատմամբ և տուգանեց 200 000 դրամով՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։ Նախարարությունը պարզաբանել էր, որ դա տեխնիկական խոտան էր, քանի որ համակարգը թույլ էր տվել չլրացնել այդ դաշտը, սակայն Հանձնաժողովը վերահաստատեց բոլոր դաշտերի պարտադիր լինելը և տուգանքի վճարումից հետո տրամադրեց 7 աշխատանքային օր՝ 7 515 233 ՀՀ դրամի չափով եկամուտը հայտարարագրում լրացնելու համար։
Մյուս խոշոր սկանդալը կապված էր կադրային քաղաքականության և հնարավոր հովանավորչության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2019-ին գրել էր, որ «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»։ Այսպիսի հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ։ Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել։ Նախարար Բաթոյանը նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակել Ստեփան Մաչյանին, որը նրա քրոջ ամուսնու եղբայրն է՝ տեգրը։ Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել էր իր կողմից նախկինում ղեկավարած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Հետագայում Ստեփան Մաչյանը տեղափոխվել էր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ, ապա նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, սակայն հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կիզակետում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետևանքներ,՝ Սոցապ նախարարությունում տուն-ինտերնատի տարեցներին և անապահով անձանց բնակարաններով ապահովելու գնման գործընթացում թույլ տրված չարաշահումների համար։
Մեկ այլ աղմկահարույց պատմություն էր օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման դեպքերի բացահայտումը ԱԱԾ-ի կողմից։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ Զարուհի Բաթոյանն աջակցել է իրենց՝ համակարգային կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում, մինչդեռ մամուլում շրջանառվում էին լուրեր երեխաներից մեկին իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինայի կողմից որդեգրելու մասին։ Բաթոյանը պարզաբանել էր, որ ձերբակալվածների թվում նախարարության աշխատակիցներ չկան, և խնդիրը համակարգային է, որը պահանջում է ծնողների իրազեկման բարձրացում։
Մամուլում նաև պարբերաբար մեջբերվել են նրա հանրային հայտարարություններն ու մտքերը, ինչպիսիք են՝ «Քաղաքականություն. երբ մարում է փողոցում բոլորի աչքի առաջ համբուրվելու վերջին հույսը» ձևակերպումը։
Զարուհի Բաթոյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, իսկ 2019-2020 թվականներին՝ նախարարի պաշտոնը։ 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում