Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայրը ծխելու համար նկատողություն էր արել․ ինչու է 20-ամյա երիտասարդը գրտնակով սպшնել մորը
Խաղաղ ու սովորական առօրյայով ապրող Մելիք գյուղն այս օրերին ցնցված է. համագյուղացիները չեն կարողանում ուշքի գալ կատարված դաժան հանցագործությունից։ 20-ամյա Էդիկը 17 անգամ գրտնակով հարվածել է 56-ամյա մորը՝ Ռուզանին՝ հասցնելով մահվան, ապա ամիսներ շարունակ խաբել ողջ գյուղին։
«Ամբողջ գյուղով շոկի մեջ ենք։ Գրտնակի 17 հարվածով է որդին սպանել մորը։ Ռուզանի 20-ամյա տղան՝ Էդիկը, իրավապահներին պատմել է, որ այնքան է խփել, մինչև արյուն է եկել մոր բերանից... Նախ մարդ սպանելն է դժվար բան, իսկ մորը սպանելը 1000-ապատիկ հանցագործություն է»,-պատմել են գյուղացիները 5TV-ի հետ զրույցում։
Ողբերգությունը տեղի է ունեցել դեռևս մարտի 3-ին։ Գյուղում խոսում են, որ կենցաղային վեճը բռնկվել է ծխելու պատճառով։ Մայրը, նկատելով, որ որդին ծխել է, բարկացել է և կրակխառնիչով հարվածել նրան։ Ի պատասխան՝ 20-ամյա տղան ձեռքն ընկած գրտնակով դաժանաբար հարվածներ է հասցրել մորը։
«Մայրն ասել է՝ դու ոնց որ ծխել ես էսօր, ծխախոտի հոտ եմ առնում։ Ինչ-որ կարող է ականջն է քաշել, որպես ծնող... Ինքն ասում է՝ ընձի խփեց, ես էլ գրտնակով խփեցի։ Գրտնակը գիտեք, չէ՞, որով հաց են թխում... Ասում է՝ ես էլ գրտնակով սպանել եմ իրան»,- պատմում է գյուղացին։
Սպանությունից հետո Էդիկը մոր մարմինը թաքցրել է կիսաքանդ շենքի անկյունում։ Սկզբում դին ծածկել է ձյունով, իսկ ձնհալից հետո՝ շուրջ 5 ամիս, քանի օրը մեկ բահով հող է լցրել մարմնի վրա, քանի որ անձրևները լվանում-տանում էին այն։
«Փոս էլ չի փորել, հողով է ծածկել... Անձրևների ընթացքում հողը տարել է, ինքը նորից ծածկել է։ Այսինքն՝ էդ մարդը, բնականաբար, պակաս է ուղեղից»։
Ամիսներ շարունակ գյուղում Ռուզանին չտեսնելով՝ բնակիչները հարցեր են տվել որդուն։ Էդիկը ստել է, թե իբր պապիկն է մահացել, և մայրը գնացել է Վանաձոր հուղարկավորությանը մասնակցելու, ապա մնացել է այնտեղ՝ աշխատելու։
«Ասել է, որ մաման գնացել է Կիրովական, իրա պապին էր մահացել... Ու չկա ու չկա։ Շատ ենք խղճացել, որ առանց մոր մնաց... 2 հատ կուրտկա, պլաշ ենք տվել, ստիպում էինք, որ հագներ... Գուրգուրում էինք իրան՝ չիմանալով, որ ինքը մարդասպան չէ, մայրասպան է»,- պատմում է ցնցված համագյուղացին։
Երբ գյուղացիները հորդորել են դիմել ոստիկանություն, տղան պատճառաբանել է, թե մայրն իբր զանգում է, ասում է՝ «անասունները ծախիր» կամ «մնում եմ այստեղ, որ փող աշխատեմ»։
Դեպքը բացահայտվել է հուլիսի 22-ին, երբ Ռուսաստանից հարսանիքի նպատակով Երևան է ժամանել Ռուզանի հորեղբոր տղան։ Տեղեկանալով նրա առեղծվածային անհետացման մասին՝ նա անմիջապես դիմել է իրավապահներին։
Ոստիկանների հետ զրույցում Էդիկը խոստովանել է արարքը, սակայն պնդել է, որ հանցակից է ունեցել՝ 25-ամյա եղբորը՝ Էրիկին։ Իրավապահները ձերբակալել են երկու եղբայրներին էլ։ Այդուհանդերձ, համագյուղացիները չեն հավատում ավագ եղբոր մեղավորությանը.
«2-րդ ախպոր մասին 90-100% վստահ ենք, որ սուտ է։ Էդիկն էն մակարդակի մարդ է, որ կարող է ուրիշի անուն տա։ Էրիկը Երևանում է աշխատում, 2 տարուց ավելի է գյուղ չի եկել, անգամ հոր թաղմանը չի մասնակցել»։
Գյուղում Ռուզանին հիշում են որպես խելոք, աշխատասեր ու համեստ կնոջ, որն օրվա հացը վաստակում էր անասուն պահելով։ Այժմ Ռուզանի տունը դատարկ է։ Բակում մնացել է միայն ճոճանակը, որի վրա տարիներ առաջ խաղում էին եղբայրները։