Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը Հայաստանին ներկայացրել է նոր կոմերցիոն առաջարկ, այն միտված է բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը
Իրանն ու Հայաստանի Հանրապետությունը կձևավորեն էներգետիկայի ոլորտում համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ՝ գազի առևտրի զարգացման նպատակով։ Այդ մասին հայտարարվել է Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։
Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ հանդիպման ընթացքում Փաքնեժադը բարձր է գնահատել Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ Երևանը դժվարին ժամանակահատվածում եղել է Իրանի կողքին։ Նա վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ։
Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը, ինչպես նաև նավթամթերքի մատակարարումը Հայաստան։
Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն առաջիկայում կսկսի գործունեությունը։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում արդեն գնահատել համագործակցության կոնկրետ արդյունքները։
Փաքնեժադը նաև ընդգծել է, որ ներկայում երկու երկրների էներգետիկ համագործակցության հիմքում գործում է գազի փոխանակման մեխանիզմը։ Միաժամանակ Իրանը ներկայացրել է նոր կոմերցիոն առաջարկ, որը միտված է բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը և էներգետիկ համագործակցության զարգացմանը։