Մարդկանց մտքերը բաժանվում են չորս հիմնական խմբերի․ Հետազոտություն
Հասարակություն
20:15 25/07/2026
Աշխարհ

Մարդկանց մտքերը բաժանվում են չորս հիմնական խմբերի․ Հետազոտություն

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մտքերը կարելի է պայմանականորեն բաժանել չորս խմբի՝ լայն սպեկտորով մտածողներից մինչև նրանք, ովքեր կենտրոնանում են առօրյա մանրուքների վրա։

The Guardian-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունն իրականացրել են Քլերմոնի  համալսարանի և Չինաստանի Ուհանի համալսարանի տնտեսագետները՝ պարզելու, թե ինչի մասին են մարդիկ մտածում օրվա ընթացքում։

258 կամավորներ՝ 19-71 տարեկան, երկու շաբաթ շարունակ օրական ութ անգամ պատասխանել են հավելվածի պատահական ազդանշաններին՝ գրանցելով իրենց մտքերը, զբաղվածությունը և երջանկության մակարդակը։ Հավաքվել է ավելի քան 23 հազար պատասխան։ Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մտքերը հիմնականում կապված են աշխատանքի, սննդի, հանգստի, հարաբերությունների և սեփական զգացողությունների հետ։

Հետազոտողները առանձնացրել են չորս խումբ․ անհանգստացողներ, որոնք հաճախ մտածում են համաշխարհային իրադարձությունների, առողջության և անվտանգության մասին, գործնական մտածողներ, որոնց մտքերը կապված են տնային գործերի ու ֆինանսների հետ, մարմնական մտածողներ, որոնք կենտրոնանում են զգացողությունների ու առողջության վրա, և նրանք, ովքեր համատեղում են կարիերան ու հաճույքը։

Գիտնականները նշում են, որ այս խմբերը վերջնական չեն, և մարդիկ կարող են անցնել մեկ խմբից մյուսը։ Նրանք նաև ընդգծում են, որ մարդու մտքերի որակը մեծ ազդեցություն ունի երջանկության վրա՝ հիշեցնելով Մարկոս Ավրելիոսի գաղափարը, որ կյանքի երջանկությունը կախված է մտքերից։

Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ արդյունքները չի  կարելի ամբողջությամբ տարածել աշխարհի բնակչության վրա, քանի որ մասնակիցները հիմնականում արևմտյան, կրթված և բարեկեցիկ հասարակություններից էին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder