Իրանը զգուշացնում է Ուկրաինային․ Իր դեմ ցանկացած հարձակում անպատասխան չի մնա
Քաղաքական
11:12 27/07/2026
Հայաստան

Իրանը զգուշացնում է Ուկրաինային․ Իր դեմ ցանկացած հարձակում անպատասխան չի մնա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ցանկացած հարձակում անպատասխան չի մնում և միշտ իր հետևանքներն է ունենում։

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցերում կատարած գրառման մեջ նա ընդգծել է, որ այս սկզբունքը շարունակում է ուժի մեջ մնալ նաև այսօր՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը լավատեղյակ են այդ իրողությունից։

Ազիզին նաև անդրադարձել է Ուկրաինային՝ նշելով, որ նրանք, հավանաբար, շուտով կհասկանան, որ Թեհրանը չի թողնում անպատասխան իր դեմ ուղղված գործողությունները։ Նրա խոսքով՝ սխալ հաշվարկներ կատարողների ցանկը շարունակում է աճել՝ ակնարկելով, որ Իրանը պատրաստ է պատասխան քայլերի այն դեպքերում, երբ վտանգվում են երկրի անվտանգությունն ու շահերը։

Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ, ըստ իրանական կողմի, շաբաթ վաղ առավոտյան Կասպից ծովում Ուկրաինայի կողմից հարձակման է ենթարկվել իրանական առևտրային նավ։ Դեպքի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, իսկ մյուսը՝ վիրավորվել։

Միջադեպին արձագանքել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ խստորեն դատապարտելով կատարվածը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության խախտում և ագրեսիայի ակտ, որը կարող է նպաստել հակամարտության ընդլայնմանը։ Նախարարությունը միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի տատանվի պաշտպանել իր ազգային անվտանգությունը՝ առաջնորդվելով օրինական ինքնապաշտպանության սկզբունքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder