Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
Քաղաքական
14:23 27/07/2026
Հայաստան

Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան

«Գագիկ Ծառուկյանը՝ թե ինքը անձամբ, թե իր քաղաքական թիմի հետ, թե քաղաքական թիմին հանձնարարելով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը։ Մշտապես չի եղել Իրանի հետ կապված ինչ-որ մի գործընթաց, որ մենք կամ մեր կարծիքը, կամ մեր սատարումը ներգրավված չլինենք»,- Իրանի դեսպանատան մոտ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը։

Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և նշել, որ ցավով արձանագրում են՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացներում ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։

«Լիահույս ենք, որ Իրանի Հանրապետության պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որ թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ»,- ասել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցած իրավական գործընթացների շրջանակում կան որոշումներ, որոնք, ըստ իրեն, հերքում են Ծառուկյանին ներկայացվող մեղադրանքները։ Աբովյանը նշել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել հայ-իրանական հարաբերությունների պահպանման ուղղությամբ։

«Մենք արել ենք, անում ենք և կանենք, որ հանկարծ հայ-իրանական հարաբերությունները չփչանան, ոչ մի պարագայում մենք դա չպետք է թույլ տանք»,- ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder