Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնգոյում Էբոլայի բռնկումը կարող է դառնալ պատմության մեջ երկրորդ ամենախոշորը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի ներկայիս բռնկումը կարող է դառնալ պատմության մեջ երկրորդ ամենախոշորը։ Այդ մասին հուլիսի 27-ին հայտնել է Bloomberg-ը՝ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակի 856 նոր հաստատված դեպք։
Կոնգոյի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3200-ը, իսկ Էբոլայից մահացածների թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 1405-ի։
Համեմատության համար նշվում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նախորդ խոշոր բռնկումը, որն աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ, մեկ տարվա ընթացքում հասել էր 2687 հաստատված դեպքի։ Մինչդեռ ներկայիս բռնկումն այդ ցուցանիշը գերազանցել է հայտարարվելուց ընդամենը տասը շաբաթ անց, ինչը վկայում է վարակի տարածման աննախադեպ արագության մասին։
Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, Reuters-ը հայտնել էր, որ Էբոլայի բոլոր գրանցված դեպքերի շուրջ 90 %-ը շարունակում է կենտրոնացած մնալ Իտուրի նահանգում։ Առավել տուժած են Բունիա, Ռվամպարա, Մոնգբվալու և Նյակունդա գոտիները, որտեղ վիրուսի փոխանցումը շարունակում է ինտենսիվ կերպով տարածվել։
Իր հերթին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Աննա Անսիան հուլիսի 7-ին հայտարարել էր , որ երկրում Էբոլայի հետ կապված իրավիճակը դեռևս չի կայունացել, և վիրուսը շարունակում է տարածվել։ Նա նաև ընդգծել էր, որ առողջապահական համակարգը շարունակում է բախվել լուրջ խնդիրների, մասնավորապես՝ վարակվածների համար հիվանդանոցային տեղերի անբավարարության պատճառով։