2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության
Իրավունք
08:34 27/07/2026
Աշխարհ

2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության

Կիրակի երեկոյան Ամերիկյան Սիեթլի քաղաքում գաստրոնոմիական փառատոնի ժամանակ կրակոցներ են արձակել։ Հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։

CNN-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խորհրդանիշ համարվող «Սփեյս Նիդլ» (Space Needle) աշտարակից ընդամենը մեկ թաղամաս հեռավորության վրա։ Սիեթլի հրշեջ ծառայությունը հայտնել է՝ արձագանքել է «Սիեթլ Սենթր»-ում (Seattle Center) հրաձգության մասին ահազանգին երեկոյան ժամը 18:00-ից անմիջապես հետո։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ դեպքի վայրում երկու մարդու մահ է արձանագրվել, իսկ ևս չորս հոգի, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ մի կին հրաժարվել է հիվանդանոց գնալ։ «Հարբորվյու» (Harborview) բժշկական կենտրոնը հայտնել է, որ բոլոր պացիենտները հրազենային վնասվածքներ են ստացել, մի կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցի տվյալներով, տուժածները  վնասվածքներ են ստացել ձեռքին, ոտքին, որովայնին և սրունքին։

Սիեթլի ոստիկանությունը կալանավորել է երկու կասկածյալի, հայտնել է քաղաքապետ Քեյթի Ուիլսոնը։

«Gun Violence Archive»-ի տվյալներով՝ այս հրաձգությունը ԱՄՆ-ում ընթացիկ տարում տեղի ունեցած առնվազն 271 զանգվածային հրաձգություններից մեկն է. կազմակերպությունը զանգվածային հրաձգություն է համարում այն ​​դեպքը, երբ հրազենային վնասվածք է ստանում չորս կամ ավելի մարդ։

«Սիեթլ Սենթր»-ում (Seattle Center) անցկացվում էր «Bite of Seattle» ամենամյա փառատոնը, որին մասնակցում էին հարյուրավոր տեղական վաճառողներ և ելույթ ունենում երաժշտական ​​խմբեր՝ կենդանի կատարումներով։ Համալիրն իրեն ներկայացնում է որպես հանրային, մշակութային և ընտանեկան հանգստի վայր, որն ամեն տարի ավելի քան 12 միլիոն այցելու է ներգրավում իր 74 ակր տարածք ունեցող համալիրում կազմակերպվող միջոցառումների շնորհիվ․ այդ տարածքում են գտնվում «Սփեյս Նիդլ» (Space Needle) աշտարակը և քաղաքի ամենամեծ մարզահամերգային համալիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder