Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զուտ ֆորմալ առումով Ռուսաստանն է պատերազմը սկսել, բայց պատերազմի ծագումն ու պատճառները պետք է ճշգրիտ ներկայացնել»,-«Հայելի» ակումբում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի, տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներին։
Սուրենյանցի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հաշվով ՆԱՏՕ-ի էքսպանսիայի հետևանքն էր։ Նրա գնահատմամբ՝ արևմտյան երկրների հովանավորությամբ Ուկրաինան հրաժարվեց Մինսկ-1 և Մինսկ-2 համաձայնավորվածություններից, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի, ինչպես, ըստ նրա, 2008 թվականին դարձավ Ռուսաստանի և Վրաստանի պատերազմի պատճառներից մեկը։
Քաղաքագետը նաև նշել է, որ արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինան ձեռք է բերել այնպիսի սպառազինություն, որով կարողանում է մինչև 2500-3000 կմ խորությամբ թիրախավորել Ռուսաստանի տարածքը։ Նա որպես օրինակ հիշատակել է «Վայլդբերիսի» պահեստների չեզոքացումը՝ ընդգծելով, որ այդ թեման նյութական և ֆինանսական առումով առնչվում է նաև բազմաթիվ հայերի։
«Հիմա կամ Ռուսաստանը պիտի ընդլայնի պատերազմի աշխարհագրությունը՝ որպես թիրախ ունենալով Ուկրաինայի աջակից եվրոպական երկրները, կամ պիտի ընդունի այն խաղաղության պայմանները, որ Եվրոպան պարտադրում է։ Դատելով Պուտինի հարցազրույցից՝ ռուսները նահանջել չեն պատրաստվում»,- նշել է Սուրենյանցը՝ հավելելով, որ Արևմուտքը սեփական խնդիրները լուծում է Ուկրաինայի հաշվին, ինչի հետևանքով երկարում է երկրի հոգեվարքը, իսկ Հայաստանի համար ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է։
Անդրադառնալով միջազգային հարաբերություններին՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Ռուբիո-Լավրով հանդիպումն առավելապես տեխնիկական բնույթի քննարկում էր։ Նրա համոզմամբ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են սկզբունքային տարաձայնություններ ունենալ Հորմուզի նեղուցի կառավարման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սուրենյանցի գնահատմամբ՝ ներկա ուժային բալանսի պայմաններում «Թրիփփը» գործնականում իրագործման հնարավորություն չունի, եթե այն չի ներառում Իրանի և Ռուսաստանի շահերը։
Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին խոսելով՝ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ խնդիրը իրանցի խաբեբաները չեն, խնդիրը իշխանության հաշվեհարդարն է։
Նրա խոսքով՝ իշխանությունները, հասկանալով, որ իրանցիների հետ կապված գործը «փուչիկ է», մոգոնում են նոր քրեական պատմություններ Գագիկ Ծառուկյանի դեմ՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը պահպանելու համար։
«Ծառուկյանը, ինչպես և քաղաքական մոտիվացիայով կալանավորված ցանկացած ոք, պատանդ են իշխանության ձեռքում, և մենք պետք է քաղաքական ճանապարհով ազատենք այդ մարդկանց»,- ասել է նա։
Սուրենյանցը նաև նշել է, որ ընդդիմության հիմնական խնդիրը դեռևս դիմադրության առանցք չկառուցելն է՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը պետք է լինի ռեպրեսիվ համակարգի ատամները փշրելը։
Նրա խոսքով՝ իշխանությունները շահագործում են մարդկանց սոցիալական վիճակը և այդ կերպ ճնշում գործադրում քաղաքացիների վրա։
Քաղաքագետն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը՝ հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետը հեգնել էր ընդդիմությանը՝ ասելով, թե ընտրություններից հետո առաջին այցը Մոսկվա է լինելու։
«Առաջին սուտը բացահայտենք՝ ոչ թե Պուտինի հետ հանդիպում չի եղել, այլ Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ ստում է, ինքը ոչինչ չի կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Մինչև քաղաքական լուծումներ չտրվեն, սանկցիաները շարունակվելու են»,- եզրափակել է Սուրեն Սուրենյանցը։