1991-ին հայ ժողովուրդը որոշել է Հայաստանի տեղը. անկախ պետություն, ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ. Շարմազանով
Քաղաքական
17:13 28/07/2026
Հայաստան

1991-ին հայ ժողովուրդը որոշել է Հայաստանի տեղը. անկախ պետություն, ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը գրում է.

«Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։ Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը ,թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։ Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։ Հարկ է նշել,որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։ Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։

ԵՄ մասին

ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։ ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։ Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։ Ի դեպ,այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ-ի մասին..

Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։ Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։ Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։ Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ,առնվազն այս պահին։

Պետք է նշել,որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան,որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ու՞ր պետք է գնա։

Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։ Հայաստանը պետք է մնա իր տեղում։ Իսկ ո՞րն է այդ տեղը։

1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։

Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder