Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելափակել է Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներկրումը, որոնք ուղեկցվել են կեղծված փաստաթղթերով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, օրեր առաջ՝ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության վերահսկողությամբ ոչնչացվել է Հայաստանից ներկրված թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցառումն իրականացվել է Ռուսաստան կարգավորվող արտադրանքի ներկրման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։
Նշվում է, որ դեռ հունիսի 18-ին գործակալության տեսուչները՝ Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ, կասեցրել են 39 200 ծաղկից բաղկացած խմբաքանակի տեղափոխումը։
Բեռը տեղափոխող տրանսպորտային միջոցը վարել է Բելառուսի քաղաքացի, իսկ փոխադրումն իրականացվում էր Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Սակայն փոխադրողը ուղեկցող փաստաթղթերում բեռը հայտարարագրել էր որպես ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ։
«Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնք չեն ունեցել անհրաժեշտ ֆիտոսանիտարական և փոխադրման փաստաթղթեր։ Մակնշման պահպանված հատվածները վկայում էին, որ ապրանքը ծագումով Հայաստանից ։
2026 թվականի հունիսի 12-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող՝ կարգավորման ենթակա արտադրանքի՝ Ռուսաստան ներկրման, ինչպես նաև դրա տարածքով տարանցման նկատմամբ։ Այս սահմանափակումները ներդրվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ երկիր վտանգավոր կարանտինային վնասատուների ներթափանցումը կանխելու նպատակով։
Ռուսական շուկա նշված տեսակի ապրանքների ներմուծման արգելքի, ինչպես նաև դրանց անվտանգությունը և տեղափոխման օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը կարգադրել է ոչնչացնել վարդերի տվյալ խմբաքանակը։ Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10.2-րդ հոդվածի համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ։