Shein-ը վնասով է աշխատել՝ ԱՄՆ մաքսային քաղաքականության փոփոխությունների ֆոնին
Տնտեսություն
09:30 28/07/2026
Աշխարհ

Shein-ը վնասով է աշխատել՝ ԱՄՆ մաքսային քաղաքականության փոփոխությունների ֆոնին

Shein-ը հայտարարել է, որ տարվա առաջին եռամսյակին կրել է վնաս՝ վաճառքի դանդաղման պատճառով, որը ընկերությունը կապում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փոքր փաթեթների ներմուծման մաքսատուրքի բացառության վերացման հետ՝ հայտնում է BBC-ն։

Ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սինգապուրում, սակայն հիմնադրվել է Չինաստանում, հայտնել է, որ առաջին եռամսյակում ունեցել է 99 միլիոն դոլարի  վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 395 միլիոն դոլարի եկամտի համեմատ։

Shein-ի հայտարարությունը ներկայացվել է ընկերության՝ Հոնկոնգի ֆոնդային բորսայում հնարավոր ցուցակագրմանը նախապատրաստվելու շրջանակում։ Սակայն ընկերությունը չի հայտնել նախատեսվող նախնական հրապարակային առաջարկի չափի, ժամանակացույցի կամ գնագոյացման վերաբերյալ մանրամասներ։

«Մաքսատուրքերի և հարկերի ավելացմանը պատասխանելու համար մենք դիտարկում ենք տարբերակներ, այդ թվում՝ ԱՄՆ շուկայում մեր գների բարձրացումը՝ լրացուցիչ ծախսերի մի մասը փոխհատուցելու նպատակով», - նշել է Shein-ը։

Ընկերությունը նաև նշել է, որ Իրանի պատերազմը բացասաբար է ազդել պահանջարկի վրա, մեծացրել ծախսերը և որոշ շուկաներում առաջացրել մատակարարումների ուշացումներ։

Առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները մասամբ ներառում են նաև 328 միլիոն դոլարի թղթային կորուստ՝ հատուկ ներդրողների բաժնետոմսերի հաշվապահական փոփոխության պատճառով։ Այդ բաժնետոմսերը հետագայում կարող են վերածվել սովորական բաժնետոմսերի, իսկ դրանց արժեքը կարող է փոխվել մինչև ընկերության հնարավոր ցուցակագրումը։

Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մարտի վերջին Shein-ն ունեցել է 281 միլիոն ակտիվ հաճախորդ՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 16 % աճով։ Նրանք ընդհանուր առմամբ կատարել են ավելի քան մեկ միլիարդ պատվեր։

Թրամփի ստորագրած գործադիր հրամանագիրը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ընդլայնեց նախկին սահմանափակումները՝ ներառելով ոչ միայն Չինաստանն ու Հոնկոնգը, այլև աշխարհի մյուս երկրներից ներմուծվող փոքր փաթեթները։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ այդ բացառությունն օգտագործվում էր մաքսատուրքերից խուսափելու նպատակով։

Միաժամանակ, Եվրամիությունը հուլիսի սկզբին սահմանել է 3 եվրոյի մաքսատուրք ցածր արժեքով օնլայն առևտրի ներմուծման վրա։ ԵՄ-ն նշել է, որ միջոցառման նպատակն է սահմանափակել Չինաստանից եկող, իր գնահատմամբ, անարդար մրցակցությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder