Չընդունված դիմորդներ, թույլ շրջանավարտներ․ Հայաստանում կրթական համակարգը դեգրադացվու՞մ է. Փորձագետի կարծիք
Կրթություն, գիտություն
10:45 28/07/2026
Հայաստան

Չընդունված դիմորդներ, թույլ շրջանավարտներ․ Հայաստանում կրթական համակարգը դեգրադացվու՞մ է. Փորձագետի կարծիք

«Տղաս ընդունվել է բուհ, հիմա արդեն բանակում է, ծնողն ի՞նչ պետք է անի»։ Նման հարցեր այս օրերին կրթության հետ կապ ունեցող պետական մարմինների ֆեյսբուքյան էջերի գրառումների ներքո հաճախ կարող ենք տեսնել։ Դիմորդը հանձնել է միասնական քննություններն ու արդյունքների, ընդունվել-չընդունվելու մասին իմանում  է արդեն զորամասում՝ չհասցնելով մինչև ծառայելը թեկուզ կարճ ժամանակ վայելել ուսանողական կյանքը։

Ինչպե՞ս է այս խնդիրն ազդում տղաների՝ հետագայում բարձրագույն կրթություն ստանալու վրա։ Ի՞նչ միտում է նկատվում դիմորդների շրջանում։

«Նախկինում դպրոցն ավարտելուց հետո տղաներն ունեին առնվազն մեկ տարի՝ պարապելու, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և հետո նոր բանակում ծառայելու համար, մինչդեռ հիմա նման հնարավորություն չունեն և միանգամից զորակոչվում են, ինչը բնավ չի նպաստում կրթության աճին»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով դիմորդների ցածր թվի ու կրթական համակարգի խնդիրների մասին։

Նշենք, որ 2026 թվականին ընդունվածների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 1100-ով, իսկ 2025 թվականի համեմատ՝ 1350-ով։ 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2130-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Բուհեր են ընդունվել միայն 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով՝ ներառյալ պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, իսկ վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

Փորձագետի գնահատմամբ՝ 12-ամյա կրթությունն այսօր արդեն հնացած է հատկապես Հայաստանում, քանի որ աշակերտները 12-րդ դասարանում գրեթե ոչնչով չեն զբաղվում։ Առաջին կիսամյակում շատերը նույնիսկ դասի չեն գնում, անտեսում են դպրոցը և գնում են կրկնուսույցների մոտ պարապելու։ Մինչդեռ դա անում են միայն շրջանավարտների մեկ քառորդը, ովքեր դիմում և ընդունվում են բուհեր։

Մխիթարյանն ընդգծեց. «Բուհ դիմածների ընդամենը 58.4 տոկոսն է կարողացել ընդունվել, ինչը խոսում է հանրակրթության դեգրադացիայի մասին։ Դիմում են նրանք, ովքեր ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և առնվազն պարապում են կամ լավ են սովորում դպրոցում, սակայն սովորողների միայն կեսից մի փոքր շատն է հաջողության հասնում։ Թեև բուհերի ընդունելության քննություններն վերջին տարիներին ավելի են հեշտացել, դպրոցն ավարտողների գիտելիքներն էապես պակասել են։ Պատճառն անընդհատ կատարվող անարդյունավետ բարեփոխումներն են, ուսուցիչների ատեստացիաներն ու վերապատրաստումները, որոնց հետևանքով Հայաստանի 1400 դպրոցներում այսօր կա ավելի քան 1000 թափուր հաստիք»։

Որպես ստեղծված իրավիճակի լուծում՝ փորձագետն առաջարկեց երկու տարբերակ․ առաջինը՝ հեռացնել ոչ կոմպետենտ որոշում կայացնողներին, երկրորդը՝ էապես ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը։

«Հայաստանում ՀՆԱ-ի միայն 2-2.4 տոկոսն է հատկացվում կրթությանը, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ ցուցանիշն առնվազն 5 տոկոս է»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder