Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը. ՊԵԿ
Իրավունք
12:59 28/07/2026
Հայաստան

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Կոմիտեից մանրամասնում են, որ ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և  իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել  և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:  Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։

Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Ծանուցում.  Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder