«Մարդու իրավունքներն իմ աչքերով» դասընթացին մասնակցում են հայաստանցի և եվրոպացի երիտասարդ առաջնորդներ
Երևանում այսօր մեկնարկում է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» միջազգային դասընթացը, որին մասնակցում են երիտասարդ առաջնորդներ Հայաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Մոլդովայից, Իսպանիայից և Գերմանիայից: Այս մասին տեղեկացնում է «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն:
«Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն այս ծրագիրն իրականացնում է միջազգային իր 6 գործընկերների հետ համատեղ: Ծրագրին կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Մոլդովայից, Իսպանիայից և Գերմանիայից:
Դասընթացն իրականացվում է «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ և եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին հանդիպելու Հայաստանում:
Ծրագիրը ստեղծված է խթանելու դեմոկրատիկ, քննադատական և ստեղծարար քաղաքացիության գաղափարն ու մարդու իրավունքները: Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք կբերեն մարդու իրավունքների հիմնարար գաղափարների մասին: Հետաքրքիր դասընթացների միջոցով մասնակիցները կծանոթանան մարդու իրավունքներին ու դրանց պատմությանը, մարդու իրավունքները պաշտպանող կառույցներին, ինպես նաև այդ կառույցներին դիմելու կարգին:
Մասնակիցները գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն ոչ միայն մարդու իրավունքների մասին գիտելիքների հարուստ պաշար ունեցող և գիտակ մասնագետներից, այլև կմասնակցեն տարբեր նիստերի և կլոր սեղան քննարկումների, որոնց ընթացքում կկիսվեն նաև իրենց սեփական փորձով, գիտելիքներով և գաղափարներով: Ողջ ծրագրի հիմանական և անբաժան մաս կկազմի նաև մասնակիցների միջև միջմշակութային հաղորդակցությունը, ինչը նպատակաուղղված է ինքնաարտահայտման, հաղորդակցման և ինտեգրման համար խաղաղ և ջերմ մթնոլորտ ու պայմաններ ստեղծելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց