Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի. Բանկերի միության նախագահ
Տնտեսություն
10:52 06/12/2014

Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի. Բանկերի միության նախագահ

Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` միաժամանակ հավելելով, որ դրամ-դոլար հարաբերակցության տատանումները միանշանակ խուճապի հետևանք են, որոնք առաջացնում են որոշ անձինք:

«Ես խորապես համոզված եմ, որ խուճապի ենթարկվել պետք չէ, դա ճիշտ չի լինի մեր երկրի տնտեսության համար»,- նշեց նա:

Սամվել Ճզմաչյանի խոսքերով` դրամի արժեզրկման համար գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ գործոններ: Մասնավորապես, տնտեսության զարգացման աճի որոշակի դանդաղեցումը, Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակը, պատճամիջոցների հետևանքով ռուսական ռուբլու արժեզրկումը, որոնք իրենց հերթին բերել են դրամի արժեզրկմանը: Ըստ նրա` Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի առաջին գործընկերը, բնականաբար, դա չէր կարող իր ազդեցություն չունենալ նաև մեր երկրի տնտեսության, ֆինանսական շուկայի վրա:

Սամվել Ճզմաչյանը համոզված է, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու:

«Պարզապես կոչ եմ անում բանկերին, այլ ֆինանսական և արտադրական կառույցներին, որպեսզի խուճապի չենթարկվեն, մի քիչ ավելի զգոն լինեն, զուսպ լինեն, քանի որ միանշանակ է, որ երկրում ընթանում է նաև սպեկուլյատիվ ֆինանսական գործողություններ, որոնք միանշանակ իրենց ազդեցությունն են թողնում արժեզրկման վրա: Խորապես համոզված եմ, որ դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի»,- ասաց Բանկերի միության նախագահը:

Ինչ վերաբերում է գնաճին, Ս. Ճզմաչյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը ունի այնքան ուժ, եռանդ և ֆինանսական հնարավորություններ, որպեսզի զսպի գնաճը. «Համոզված եմ, որ սարսափելի տատանումների և արժեզրկման դրամը չի հասնի»:

Placeholder
Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի. Բանկերի միության նախագահ