Նախորդ տարվա համեմատ այս տարի կարկուտի հասցրած վնասները կրկնակի նվազել են
Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճն ավելի կլիներ, եթե կարկտահարություն չլիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ գյուղացիական տնտեսություններին կարկտի հասցրած վնասի չափն այս տարի կազմել է մոտ 7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 78 համայնք:
Ըստ նախարարի՝ ամեն տարի կարկտահարությունը լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, սակայն նախորդ տարվա համեմատ այս տարի մշակուբույսերին հասցված վնասները կրկնակի նվազել են:
Ս.Կարապետյանը հայտնեց, որ նախորդ տարի հանրապետությունում լրացուցիչ տեղադրվել է 80 հակակարկտային կայան, այս տարի այդ գործընթացը շարունակվում է: Դրան զուգահեռ նախարարը գյուղացիական տնտեսություններին հորդորում է, որպեսզի ներդնեն հակակարկտային ցանցեր:
«Մի շարք խոշոր տնտեսություններում ցանցերով պաշտպանության գործընթացը սկսվել է: Ես համոզված եմ, որ երկու-երեք տարի հետո հանրապետությունում մի շարք ցանքատարածություններ պաշտպանված կլինեն»,- ընդգծեց գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի գյուղատնտեսության համար:
Անդրադառնալով կարկուտից տուժած համայնքներին տրամադրվող փոխհատուցմանը, Ս.Կարապետյանն ասաց, որ պետությունը հնարավորություն չունի բնական աղետներից գյուղատնտեսությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցել: Այդուհանդերձ, ըստ նրա, պետությունն ամեն տարի կարկուտից տուժած համայնքներին աջակցություն է ցուցաբերում: Օրինակ՝ վարկերի տոկոսադրույքների մարման սառեցում, վարկերի սառեցում որոշակի ժամանակաշրջանի համար, տրամադրվում են լրացուցիչ սերմեր կամ տրված սերմերի գումարների հետաձգում:
«Նախորդ տարի Շիրակի մարզում տեղացած կարկուտի հետևանքով, հետաձգվել են պետական ծրագրով տրամադրված ցորենի սերմերի պարտքը: Կարծում եմ, որ սա մեծ աջակցություն է գյուղացիական տնտեսություններին»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ