Ռազմագերիների առկայության վերաբերյալ տեղեկություն ԿԽՄԿ-ն կողմերից չի ստացել
Քաղաքական
12:45 12/04/2016

Ռազմագերիների առկայության վերաբերյալ տեղեկություն ԿԽՄԿ-ն կողմերից չի ստացել

Անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ակտիվ գործընթաց չի իրականացնում: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Մենք շարունակում ենք մնալ կապի մեջ կողմերի հետ, բայց կոնկրետ ձեր նշած հարցի շուրջ առայժմ որևէ ընթացքի մասին ասել չենք կարող», -հավելեց Ամատունին՝ արձագանքելով անհետ կորած զինծառայողին որոնելու մասին մեր հարցին:

Անդրադառնալով ռազմական չորսօրյա գործողությունների հետևանքով հնարավոր ռազմագերիների վերաբերյալ հարցին, Ամատունին ասաց. «Այս պահին, այսօրվա դրությամբ մենք որևէ պաշտոնական հաստատում ռազմագերիների առկայության վերաբերյալ որևէ կողմից չենք ստացել: Մենք համաձայն մեր մանդատի, իրավունք ունենք այցելելու ռազմագերիներին, երբ կողմերից ստանանք այդ մասին հաստատում»:

Նրա խոսքով, իրենց կազմակերպությունը, «որպես մարդասիրական միջնորդ», առաջարկել է կողմերին աջակցություն կազմակերպությանը վերաբերող բոլոր ուղղություններով:

«Եթե այդ հարցերով կա հաստատում, շարունակում ենք զբաղվել այդ ուղղությամբ: Կողմերի հետ մեր երկխոսությունը շարունակում է», -ասաց Ամատունին:

Դիտարկմանը, թե հայտարարվեց, որ հայկական կողմին վերադարձված 18 զինծառայողների մարմինները խոշտանգված են ու անարգված և հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ, Ամատունին նկատեց, որ ԿԽՄԿ-ն դիրքորոշումներ իրավասու չէ հայտնել:

«Կազմակերպությունը նման հակամարտային իրավիճակներում դիրքորոշումներ չի հայտնում: Մեր ներկայությունը և փաստահավաք գործողությունները վերաբերում են մեր երկխոսությանը կողմերի հետ: Մենք իրավական պատասխանատվության ենթարկելու մանդատ չունենք և մեր ձեռքի տակ հայտնված տվյալները որևէ երրորդ կողմին չենք տրամադրում: Մեր մանդատն այն է, որ կողմերին ուղղակի հիշեցնենք միջազգային պարտավորությունների մասին»,-հավելեց Ամատունին:

Placeholder