Թող ազատ արձակվի, իսկ գործը քննեն. Գուրգեն Արսենյանի փաստաբան
Իրավունք
16:53 20/05/2016

Թող ազատ արձակվի, իսկ գործը քննեն. Գուրգեն Արսենյանի փաստաբան

Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբանների խումբը՝  Հայկ Ալումյանը, Էմին Խաչատրյանը և Արտակ Քոչարյանը, Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով կալանքից ազատ արձակել Գուրգեն Արսենյանին:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 

«Մենք դեմ չենք քննությանը, թող շարունակվի, թող քննեն, պարզեն կատարվածի հանգամանքները, բայց մենք խնդրում ենք, որ մեր պաշտպանյալը ազատ արձակվի: Նա որևէ կերպ չի խոչընդոտի քննությանը», -հավելեց Ալումյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝  ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 20-ին  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:

Պատգամավորի որդին կալանավորվել էր մայիսի 14-ին:

Placeholder