Դատավորն էլ հուզված էր, բայց արդար որոշում չկայացրեց. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան
Իրավունք
10:58 10/08/2016
Հայաստան

Դատավորն էլ հուզված էր, բայց արդար որոշում չկայացրեց. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան

Այսօր, քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել երեկ, օգոստոսի 9-ին: Նիստը նախագահել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Բողոքի քննությանը ներկա է եղել նաև ինքը՝ Հովհաննես Հարությունյանը՝ վիրավոր վիճակում, պատգարակով:

«Բողոքը մերժվեց, քանի որ մենք արդարադատություն չունենք: Հովհաննեսը երեկ ցավերի մեջ էր, բոլորը տեսան այդ ցավերը, հուզված էին, անգամ դատավորն էր հուզված, բայց արդյունքում նման որոշում կայացրեց: Այս դատավորից մենք մեծ սպասումներ ունեինք, բայց չստացվեց, չարդարացան հույսերը մեր», -փոխանցեց Ղարագյոզյանը:

Նա տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան չեն դիմի, քանի որ «իմաստ չկա, նույն պատասխանն է լինելու»:

«Այս գործով մենք կհասնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -հավելեց փաստաբանը:

Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Placeholder
Դատավորն էլ հուզված էր, բայց արդար որոշում չկայացրեց. «Սասնա ծռերի» անդամի փաստաբան