Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ ազգը ամենալավը պետք է հասկանա, թե ինչ բան է ցեղասպանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հայաստանի Եզդիների (Շարֆադինի) հետևորդներ կրոնական կազմակերպության ղեկավար, շեյխ Հասան Հասանյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Եզդիների ցեղասպանության հարցի քննարկմանը:
«2014 թվականի օգոստոսին Իրաքում եզդիներ նկատմամբ սարսափելի կոտորած տեղի ունեցավ, տասնյակ հազարավոր երիտասարդներ դավանափոխ արվեցին, նույնքան մարդիկ զոհվեցին և մոտավորապես 8-9 հազար հարս ու աղջիկ առևանգվեցին և վաճառվեցին: Այդ ամենը տեսնելով աշխարհի շատ երկրներ որոշեցին իրենց ձայնը բարձրացնել և որակել որպես Եզդիների ցեղասպանություն: Ամերիկայի Կոնգրեսը, Կանադայի կառավարությունը և ՄԱԿ-ի գրասենյակը ճանաչեցին Եզդիների ցեղասպանությունը: Շատ ողջունելի էր, որ Հայաստանում Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց ճանաչել Եզդիների ցեղապսանությունը, բայց զարմանալին այն էր, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նման արտահայտություն արեց, թե Եզդիների ցեղասպանություն տեղի չի ունեցել»,-նշեց Հասան Հասանյանը՝ շնորհակալություն հայտնելով Եզդիների ցեղասպանությունը ճանաչել առաջարկող պատգամավորներին:
Հանդիպմանը ներկա «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ի ղեկավար Սաիդ Ավդալյան էլ նշեց. «Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել էր, որ 25-30 հազար եզդիների կոտորածը ցեղասպանության ֆորմատի մեջ չի մտնում: Սակայն ՄԱԿ-ի ընդունած բանաձևերով ու կոնվենցիաներով, եթե 3 հոգի սպանվում է իր ազգային և կրոնական պատկանելության համար, դա ցեղասպանություն է: Եվ Իրաքի եզդիների նկատմամբ կոտորածը բացահայտ ցեղասպանություն էր»:
Սաիդ Ավդալյանը կոչ արեց կասկածի տակ չառնել Եզդիների ցեղասպանությունը. «Կոչ ենք անում նաև Եզդիների ցեղասպանությունը շահարկումների առիթ չդարձել՝ նախընտրական քարոզչության համար: Եզդիների ցեղասպանության մասին օրինագիծը պետք է ընդունվի այս ամենից անկախ»: