Ջավախքում ամեն կերպ հայերենը հետին պլան են մղում. ուսուցչուհի
Ջավախքի բարձր դասարանների աշակերտներն ակտիվ մասնակցում են Վրաստանում անցկացվող դպրոցական օլիմպիադաներին, սակայն նրանց սպասելիքները մեծ չեն, քանի որ, նրանց խոսքերով, օլիմպիադայի հարցերի թարգմանությունները սխալներով են: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Վրաստանի մոտ 1700 դպրոցների աշակերտներ ցանկություն են հայտնել մասնակցելու ազգային ուսումնական օլիմպիադային: Կրթության և գիտության նախարարության որոշմամբ, Ազգային կրթական օլիմպիադան Վրաստանում անցկացվում է 2009 թվականից, որին կարող են մասնակցել 10-12 դասարանների աշակերտները: Այն անցկացվում է երեք փուլով, իսկ հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային առարկայական օլիմպիադաներին: Օլիմպիադան Վրաստանում անցկացվում է տարին մեկ անգամ, վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:
Արթուրը մասնակցել է մաթեմատիկայի և վրացերենի օլիմպիադաներին:
«20 հարց մաթեմատիկայից էր, 40 վրացերենից, դժվար էր, որովհետև վրացերեն հարցերը կազմված էր վրացալեզու դպրոցների ուսումնական ծրագրի համաձայն»,- ասել է Արթուրը, ով մաթեմատիկա առարկայից հնարավոր 20 միավորից 7-ն է հավաքել:
Քրիստինեն մասնակցել է մաթեմատիկա առարկայի օլիմպիադային: Նա նշել է, որ բարձր միավորներ չի հավաքել թարգմանական սխալների և սահմանափակ ժամանակի պատճառով:
«Մաթեմատիկայի խնդիրները վրացերենից էր թարգմանած, մեջը կար սխալ թարգմանություն, այսինքն իմաստը, խնդրի պահանջը հասկանալի չէր ինձ համար: Մինչև մի քանի անգամ կարդալուց հետո հասկանում ես, որ սխալ են գրել, արդեն ժամանակդ չի հերիքում խնդիրը լուծել: Մի խնդրին մոտավոր երկու րոպե էր տալիս համակարգիչը»,- ասել է Քրիստինեն:
Աղբյուրը նշում է, որ օլիմպիադաներն անցկացվում են բոլոր առարկաներից, բացի հայոց լեզվից և գրականությունից, ինչը Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները համարում են սխալ:
«Ամեն կերպ հայերենը հետին պլան են մղում. ինչու ֆրանսերենից, գերմաներենից կա օլիմպիադա, բայց հայերենից՝ ոչ: Այս հանգամանքը աշակերտի մոտ վերացական վերաբերմունք է ձևավորում տվյալ առարկայի հանդեպ: Ինքըստինքյան երեխան չի սովորում մայրենին: Ամեն անգամ ասում ենք՝ քննական առարկանների ցանկ մտցրեք հայերենը, բայց այդպես էլ խոսքը գործ չի դառնում»,- ասել է Հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան